ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ գրառում կատարելով, ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի վերաբերյալ նրա գործողությունները համեմատել է խորհրդային քաղաքական գործիչ Լև Տրոցկու որոշումների հետ։

«Ընկեր Նիկոլը գնաց ընկեր Տրոցկու վտանգավոր արահետով։ Պատասխանելով այն կոչին, թե որ ինտեգրացիոն միավորմանը պետք է անդամակցի Հայաստանը (ԵԱՏՄ-ի՞ն, թե՞ ԵՄ-ին) հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, նա կիրառեց Լև Դավիդովիչի լեգենդար բանաձևը՝ «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրել»»,- գրել է Մեդվեդևը «X» հարթակի իր էջում։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հիշեցրել է, որ նման բանաձևը հանգեցրել է նրան, որ երկիրը 1918 թվականին միևնույն է ստիպված է եղել կնքել Բրեստի հաշտության պայմանագիրը, սակայն «արդեն շատ ավելի վատ պայմաններով»։

«Դե, իսկ Տրոցկու ոլորապտույտ արահետը նրա համար ավարտվեց բավականին ողբերգական ձևով»,- նշել է նա։

Մեդվեդևն իր գրառումն ավարտել է Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքով, ով երկուշաբթի՝ հունիսի 1-ին, նշում է ծննդյան օրը։

«Ծնունդդ շնորհավո՛ր, Նիկո՛լ Վովաևիչ»,- գրել է նա։

Source: https://news.am/hy/news/1039999