ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) նախազգուշացրել է համաշխարհային պարենային լուրջ ճգնաժամի սպառնալիքի մասին, որը պայմանավորված է Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրներով։ Ինչպես պարզաբանել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն, էներգակիրների ու պարարտանյութերի թանկացումը և ցանքատարածությունների կրճատումը հանգեցնում են բերքատվության անկման, հումքային ապրանքների գների աճի և պարենային գնաճի։

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրները առաջացնում են «համակարգային ագրոպարենային շոկ, որը կարող է կես տարվա կամ մեկ տարվա ընթացքում հանգեցնել համաշխարհային լուրջ ճգնաժամի և պարենամթերքի գների աճի»։ Տորերոն կառավարություններին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին, մասնավոր հատվածին, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցներին ու այլ հետազոտական կենտրոններին կոչ է արել հրատապ միջամտություն ցուցաբերել՝ «ներկա իրավիճակը ավելի արդյունավետ կերպով հաղթահարելու համար»։

Որպես հրատապ միջոցառումներ նշվում են առևտրային այլընտրանքային երթուղիների որոնումը, արտահանման սահմանափակումներից հրաժարվելը, հումանիտար մատակարարումների պաշտպանությունը և ավելացած տրանսպորտային ծախսերի մեղմացումը։ «Բացասական հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ կլինի անցում կատարել այլընտրանքային ցամաքային և ծովային ուղիների, այդ թվում՝ Արաբական թերակղզու արևելյան մասով, Սաուդյան Արաբիայի արևմտյան մասով և Կարմիր ծովով»,- հայտարարել է ՊԳԿ ագրոպարենային տնտեսության բաժնի տնօրեն Դևիդ Լաբորդը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ երթուղիներն ունեն սահմանափակ թողունակություն, «ուստի չափազանց կարևոր է խուսափել խոշոր արտադրողների կողմից արտահանման սահմանափակումների կիրառումից»։

Source: https://news.am/hy/news/1036901