ՄԱԿ-ը հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» Լիբանանում Իսրայելի հարվածների ակտիվացմամբ, իսկ Պարենի համաշխարհային ծրագիրը (ՄՊԾ) նախազգուշացրել է երկրում «հումանիտար արտակարգ իրավիճակի խորացման» մասին։

«Մենք խորապես անհանգստացած ենք Լիբանանի հարավում և դրա սահմաններից դուրս ռազմական գործողությունների սրմամբ,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։- Մենք բոլոր կողմերին հորդորում ենք պահպանել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը և խուսափել հետագա սրացումից»։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը նշել է, որ Լիբանանում միլիոնավոր մարդիկ բախվել են բնակչության զանգվածային տեղահանման և սննդամթերքի գների կտրուկ աճի «կրիտիկական համակցությանը»։

«Ավելի քան մեկ միլիոն մարդ շարունակում է տեղահանված մնալ, մինչդեռ աճող գները, եկամուտների կորուստը և շուկաներում առկա դեֆիցիտը սննդամթերքն էլ ավելի անհասանելի են դարձնում խոցելի ընտանիքների համար,- ասված է ՄՊԾ-ի այսօրվա հայտարարության մեջ։- Ծրագիրն օպերատիվորեն ընդլայնել է արձագանքման մասշտաբները ողջ երկրում, սակայն իրավիճակը մնում է ծայրահեղ անկայուն»։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ կազմակերպությունն օրական օգնում է միջինը գրեթե 150 հազար մարդու՝ ապահովելով նրանց տաք սննդով, չոր չափաբաժիններով և պարենային հավաքածուներով այն ընտանիքների համար, որոնք գտնվում են ժամանակավոր տեղավորման կետերում։

Հումանիտար կազմակերպությունը հավելել է, որ պարենային անվտանգության իր վերջին վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտ 1,24 միլիոն մարդ՝ Լիբանանի ամբողջ բնակչության գրեթե քառորդը, բախվում է սննդամթերքի սուր պակասի։ «Ճգնաժամը պայմանավորված է քաղաքացիների հարկադիր տեղահանմամբ, սննդամթերքի և վառելիքի գների աճով, շուկաների աշխատանքի խափանումներով և ավելի լայն տնտեսական ցնցումներով»,- նախազգուշացրել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում։

Source: https://news.am/hy/news/1040093