«Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվող տապանաքարերի վրա նշված ամսաթվերը պատմում են Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի համար մղված մարտերի պատմությունը, գրում է The Irish Times-ը։
Այստեղ իրար հաջորդող շարքերում հուղարկավորված են առաջին պատերազմի՝ 1988–1994 թվականներին զոհված հայ զինվորները։ Մի փոքր առաջ գնալով՝ սկսում ես տեսնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված տղամարդկանց գերեզմանները։
2023 թվականին Ադրբեջանի վերջին կայծակնային հարձակումը վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և ծանր հարված հասցրել Հայաստանին։ Դա ստիպել է շուրջ 100 հազար էթնիկ հայերի լքել իրենց տները՝ հավանաբար ընդմիշտ։
Այստեղ հուղարկավորվածների թվում շատ են երիտասարդ դեմքերը։ Գերեզմանների վրա ծածանվում են հայկական դրոշները։ Երկու եղբայր՝ երկուսն էլ ծնված 1994 թվականին, թաղված են կողք կողքի՝ նույն հողակտորում։ Մեկը զոհվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2023-ին։
Քիչ այն կողմ մի հայր դանդաղ մաքրում է 2020 թվականին զոհված որդու գերեզմանը։
«Տասնինը տարեկան էր»,- ասում է նա՝ գլուխը տարուբերելով։
Քահանան աղոթք է կարդում մարդկանց մի մեծ խմբի համար։
Տարեց ամուսինները խնամում են իրենց որդու գերեզմանը, ով զոհվել է երեք տասնամյակ առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ։ Նա 25 տարեկան էր։
Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկիր է։ Արևելքից այն սահմանակից է նավթով հարուստ Ադրբեջանին, իսկ արևմուտքից՝ մեկ այլ պատմական հակառակորդի՝ Թուրքիային։
Օրը մառախլապատ էր, բայց այնուամենայնիվ հնարավոր էր տեսնել Արարատ լեռան ձյունը. հսկայական մի գագաթ, որն իշխում է հայկական մայրաքաղաքից այն կողմ գտնվող հարավ-արևմտյան հորիզոնում։ Հայերի համար խորհրդանշական այս լեռն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում և ամեն օր հիշեցնում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական շախմատային տախտակի վրա երկրի ունեցած դիրքի մասին։
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումը «իշխանության վակուում» է ստեղծել Հարավային Կովկասում, որից կարողացել է օգտվել նաև Ադրբեջանը։ Դրանից հետո իրավիճակը տեղափոխվել է դիվանագիտական և քաղաքական հարթություն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Սպիտակ տանը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը դիտարկվում է որպես խաղաղության պայմանագրի նախագուշակ։
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է որոշակի փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ նախքան Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Փաշինյանն, ըստ պարբերականի տվյալների, պատրաստ է գնալ սահմանադրական փոփոխությունների, թեև դա կախված կլինի նրանից, թե արդյոք նա կպահպանի իշխանությունը հաջորդ ամիս կայանալիք ընտրություններից հետո։
Source: https://news.am/hy/news/1036278
Armenia
Լեռնային Ղարաբաղի կորստից հետո առաջացած անորոշության ժառանգությունը. «The Irish Times»-ի ռեպորտաժը «Եռաբլուրից»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։