Նախկին քաղաքապետը, որը աջակցում էր նախագահի թեկնածու Աբելարդո դե լա Էսպրիելյային, գնդակահարվել է Կոլումբիայի կենտրոնական հատվածում, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Նրա օգնականներից մեկը նույնպես սպանվել է։

Ռոջերս Դևիայի և նրա աշխատակից Էդեր Կարդոնայի սպանությունները դարձել են տարածաշրջանում քաղաքական բռնության հերթական դրվագը․ այդ շրջանը գտնվում է երկու խմբավորումների վերահսկողության տակ, որոնք ԱՄՆ կառավարության կողմից հայտարարվել են ահաբեկչական, ինչպես նաև երրորդ խմբի՝ երբեմնի գերիշխող Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերից (FARC) անջատվածների վերահսկողության ներքո։

Դևիան զոհվել է զինյալների հարձակման հետևանքով Կուբառալի գյուղական հատվածում՝ քաղաքում, որը նա ղեկավարել է 2020-ից 2023 թվականներին և որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բոգոտայից 105 մղոն հարավ, ասվում է Մետա դեպարտամենտի հանրային պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Կոլումբիայի նախագահի թեկնածու Դե Լա Էսպրիելյան ներկայացնում է Ազգային փրկության շարժումը։

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ սպանությունները կարող են վնաս հասցնել Կոլումբիայում մայիսի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ «քաղաքական իրավունքների իրացմանն ու ժողովրդավարական մասնակցությանը»։

Ընտրություններին կմասնակցեն առնվազն կես տասնյակ թեկնածուներ, այդ թվում՝ փոքր ձախակողմյան կուսակցությունների երկու ներկայացուցիչներ։ Եթե նրանցից ոչ մեկը չհավաքի ձայների 50%-ը, հունիսին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը՝ երկու հիմնական հավակնորդների միջև։ Կոլումբիայի ներքին գործերի նախարար Արմանդո Բենեդետտին հայտնել է, որ քննիչները չգիտեն, թե ինչու է հարձակումը կատարվել Դևիայի վրա։

Նախարարը հավելել է, որ վերջերս ոստիկանությունը կանխել է նույն քաղաքում նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Պալոմա Վալենսիայի աշխատակցի վրա հարձակումը։

Source: https://news.am/hy/news/1036031