ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Երևան-Գյումրի մայրուղի 999 հասցեում գործող նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Source: https://news.am/hy/news/1035628