Երկու օր առաջ՝ մայիսի 13-ին հրապարակված միջանկյալ հայտարարությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը, ամփոփելով մայիսի 11-12-ը Երևան կատարած այցի արդյունքները, ի թիվս մի շարք այլ մտահոգությունների, արձանագրել է «Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ պատվիրակության տարածած հայտարարությանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ենթադրում եմ՝ ԵԽԽՎ-ն նկատի ունի այն հանգամանքը, որ Հայ Եկեղեցու 10 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ (1-ն արդեն կարգալույծ) և մի շարք քահանաներ դրժել են իրենց ուխտը և ուղիղ աջակցություն են հայտնել ՔՊ-ի պարագլխին։ Ավելին, իմ ունեցած տեղեկություններով, նրանցից շատերը, Աստծու արքայության քարոզը թողած, ակտիվորեն լծվել են «ալիևի խաղաղության» քարոզին։

Կարճ ասած՝ ԵԽԽՎ-ին կոչ եմ անում Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու ՔՊ-ի վարքագիծը հետայսու դատապարտել ավելի հասցեականորեն։

Source: https://news.am/hy/news/1035594