Իսպանիան Մադրիդում Իսրայելի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է Արտաքին գործերի նախարարություն՝ պաղեստինամետ «Սումուդ» նավատորմի ձերբակալված ակտիվիստների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի պատճառով։ Դրա մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Ավելի վաղ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը տեսանյութ էր հրապարակել ակտիվիստների ժամանման վերաբերյալ, որտեղ, իսպանական կողմի պնդմամբ, արձանագրվել են նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքեր։ Ալբարեսը կատարվածն անվանել է «սարսափելի, ստոր ու անմարդկային» և Իսրայելից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել՝ նշելով, որ իսրայելցի դիվանագետը հրատապ կարգով կանչվել է ԱԳՆ։

Նախարարն ընդգծել է նաև, որ Բեն-Գվիրը գտնվում է Իսպանիայի պատժամիջոցների ներքո, և նրա մուտքը երկիր արգելված է՝ հավելելով, որ նմանատիպ միջոցներ շուտով կարող են ձեռնարկվել նաև Եվրոպական միության մակարդակով։

Իսրայելի ԱԳՆ տվյալներով՝ նավատորմի բոլոր նավերը կանգնեցվել են, իսկ շուրջ 430 ակտիվիստ ձերբակալվել է։ Նախատեսվում է նրանց տեղափոխել Իսրայել և հանձնել հյուպատոսական ներկայացուցիչներին։

«Սումուդ համաշխարհային նավատորմ» ակցիան մեկնարկել էր ապրիլին. նավերը դուրս էին եկել Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի նավահանգիստներից, իսկ ավելի ուշ նրանց էին միացել մասնակիցներ Թուրքիայից։ Կազմակերպիչները հայտարարում են, որ ակցիայի նպատակն է՝ ճեղքել Գազայի հատվածի ծովային շրջափակումը և ստեղծել մարդասիրական ծովային միջանցք։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսրայելական ուժերը նավերի կանխումն ու կալանումը սկսել են միջազգային ջրերում, որից հետո նախատեսվում է ակտիվիստներին տեղափոխել Աշդոդի նավահանգիստ։

Source: https://news.am/hy/news/1037009