Դատելով ամեն ինչից՝ Իրանը այն փուլում է, երբ պատրաստ է «զիջել» Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ վեճում։ Նման կարծիք է հայտնել ԿՀՎ նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսը։

Ելույթ ունենալով UBS-ի Ասիական ներդրումային համաժողովում՝ Պետրեուսը, որն այժմ զբաղեցնում է KKR Global Institute-ի նախագահի պաշտոնը, նշել է, որ Թեհրանի հետ խաղաղ համաձայնագրի նախնական հաջողության դեպքում ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցը պետք է բացվի առանց որևէ նախապայմանի։

«Իրանը նաև պետք է զրկվի երթևեկությունը վերահսկելու, տարանցիկ վճարներ գանձելու կամ ապագայում նեղուցը փակելու սպառնալիքի հնարավորությունից։ Եվ, դատելով ամեն ինչից, հենց նման սցենարն այժմ սարերի հետևում չէ»,- հավելել է ԿՀՎ նախկին ղեկավարը։

Ըստ նրա՝ եթե Իրանին թույլ տան պահպանել թեկուզ ինչ-որ վերահսկողություն այս կրիտիկական կարևոր ջրային զարկերակի նկատմամբ, Թեհրանը կարող է «ռազմավարական առումով ամրապնդվել»՝ չնայած այն հանգամանքին, որ երկրի ռազմական ներուժը գործնականում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։

«Նրանց ամբողջ ռազմածովային նավատորմը փաստացի խորտակված է, բացառությամբ արագընթաց մոտորանավակների։ Նրանց հրթիռային ներուժն էապես խարխլված է, ոչնչացվել են շտաբներ, ռազմական օբյեկտներ, նրանք այլևս չունեն ռազմաօդային ուժեր և այլն»,- արձանագրել է գեներալը։

Ընդսմին, Իրանը դեռևս ի վիճակի է սպառնալ նեղուցի շրջափակմամբ՝ կամ այն ականապատելու միջոցով, կամ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և փրկված մոտորանավակների միջոցով առևտրային նավերի վրա հարձակումներով։ Փորձագետի կարծիքով՝ Թեհրանն ի վիճակի է տապալել նեղուցում մինչպատերազմյան ստատուս քվոյի վերադարձը։

Թեև Հորմուզի նեղուցի հարցը տարածաշրջանային համաձայնագրի կարևորագույն մասն է, Պետրեուսն ընդգծել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է լուծել նաև այլ հիմնարար խնդիրներ։ Դրանց թվում են՝ Թեհրանի միջուկային ծրագիրը և նրա կողմից այնպիսի պրոքսի խմբավորումների ֆինանսավորումը, ինչպիսին «Հըզբոլլահն» է։

«Այս հարցերը պետք է լուծվեն, սակայն ինձ համար ամենևին էլ ակնհայտ չէ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- եզրափակել է նա։

Source: https://news.am/hy/news/1038305