Իրանն ու Ղազախստանը պայմանավորվել են ստորագրել երկկողմ համաձայնագրեր, որոնք ուղղված են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացման արագացմանը և կապալառուների ֆինանսական խնդիրների լուծմանը։ Դրա մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արդյունաբերության նախարարությանը։
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակի և Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Կանատ Շարլապաևի հանդիպման ընթացքում:
Կողմերը մտադիր են փոխըմբռնման հուշագրեր ստորագրել պատասխանատու գերատեսչությունների միջև՝ համագործակցության ընդլայնման համար իրավական հիմք ստեղծելու և համատեղ նախագծերի մեկնարկն արագացնելու նպատակով։
Բացի դրանից, Իրանն ու Ղազախստանը պայմանավորվել են մշակել մեխանիզմներ, որոնք կպարզեցնեն համատեղ նախագծերի համար բանկային երաշխիքների տրամադրումը և կօգնեն աջակցել արդյունաբերական ոլորտում գործող ընկերություններին։ Թեհրանում կարծում են, որ դա հնարավորություն կտա լուծել կապալառուների և արտադրողների առանցքային խնդիրներից մեկը՝ պայմանագրերի ֆինանսական ապահովմանն առնչվող դժվարությունները։
Կանատ Շարլապաևը հայտարարել է Ղազախստանի պատրաստակամության մասին՝ տրամադրելու իրավական և վարչական պայմաններ հանրապետության տարածքում արդյունաբերական նախագծերին իրանական ընկերությունների ավելի ակտիվ մասնակցության համար։
«Mehr»-ի տվյալներով՝ կողմերը հանդիպումն անվանել են կարևոր քայլ Եվրասիական տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդման համար։ Բանակցությունները կշարունակվեն փորձագիտական մակարդակով՝ հուշագրերի վերջնական տեքստերը պատրաստելու համար։
Source: https://news.am/hy/news/1039498
World
Իրանն ու Ղազախստանը պայմանավորվել են պարզեցնել համատեղ արդյունաբերական նախագծերի ֆինանսավորումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։