Նախագահ Թրամփը հպարտությամբ ընդլայնել է նախագահական իշխանության սահմանները մինչև նախկինում չտեսնված մասշտաբների: Սակայն հենց այն, թե ինչպես է նա տնօրինում այդ իշխանությունը՝ հաճախ միանձնյա և իմպուլսիվ, բացատրում է նրա ժողովրդականության սրընթաց անկումը և կանխորոշում նրա երկրորդ ժամկետի ուրվագծերը։

Յուրաքանչյուր նախագահ ստուգում է համակարգի ամրությունը: Բայց Թրամփը, ըստ իր իսկ խորհրդականների, այդ սահմանները փորձարկում է բոլորից արագ՝ հազվադեպ մտածելով հետևանքների մասին: Նրան զսպել ունակ են միայն դատարանները, ֆինանսական շուկաները կամ մամուլի կողմից հավանության արժանանալու նրա սեփական մոլուցքը, գրում է Axios-ը:

Բայց այն պահին, երբ միանում են այս զսպող գործոնները, մաքսատուրքերն արդեն սահմանված են լինում, պատերազմը՝ սկսված, իսկ դաշնակիցները՝ վիրավորված:

Նրա բոլոր առանցքային որոշումները կարելի է բաժանել երեք հիմնական կատեգորիաների.

Թրամփը դաշնային կառավարության ապարատն ուղղել է իր ընդդիմախոսների դեմ՝ միաժամանակ նպաստելով իր և իր ընտանիքի հարստացմանը:

Նա Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) լայնամասշտաբ գործողություններ է ծավալել ամերիկյան քաղաքներում՝ առանց պատշաճ նախապատրաստման և մշտապես փոփոխվող հրահանգներով։ Հավանություն տալով ագրեսիվ և տպավորիչ «հեռուստատեսային պատկերին»՝ նա անտեսել է այն փաստը, որ գործակալները սխալմամբ բերման են ենթարկել և արտաքսել նաև ԱՄՆ քաղաքացիների։

Նա Արդարադատության նախարարությանը լարել է իր քննադատների դեմ։ Առաջադրված մեղադրանքներն այնքան անհիմն են եղել, որ երդվյալ ատենակալների կոլեգիաները և անգամ հանրապետականների կողմից նշանակված դատավորները մերժել են դրանց մի մասը: Ընդ որում, Թրամփն առատաձեռնորեն վարձատրում է այն աջակիցներին, ովքեր հայտարարում են, որ իրենք էլ են դարձել պետական ապարատի «քաղաքականացման» զոհ։

Նա իր ընտանիքի անդամներին և ընկերներին թույլ է տվել ուղղակի օգուտ քաղել իր նախագահական կարգավիճակից։

Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թրամփը կառավարում է աշխարհի խոշորագույն տնտեսությունը՝ առաջնորդվելով բացառապես բնազդով և Truth Social սոցիալական ցանցում արված հրապարակումներով։

Նա քաոսային և անկանխատեսելի մաքսատուրքեր է սահմանել ինչպես հակառակորդների, այնպես էլ դաշնակիցների նկատմամբ՝ ընդ որում անտեսելով Կոնգրեսը, դատարաններն ու Սահմանադրությունը։

Նա աննախադեպ ճնշում է գործադրել Դաշնային պահուստային համակարգի գործող ղեկավարի վրա՝ պահանջելով նվազեցնել տոկոսադրույքները։ Բանը հասել է նրան, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը քրեական հետաքննություն է նախաձեռնել կարգավորող մարմնի ղեկավարության նկատմամբ, ինչը կործանել է կենտրոնական բանկի անկախության կեսդարյա նորմը։

Նա Truth Social-ում հայտարարել է 50-ամյա հիփոթեքի ներդրման և մաքսատուրքերից 2000 դոլարի չափով դիվիդենդների վճարման մասին՝ առանց որևէ մշակված ծրագրի կամ պատրաստի օրինագծերի։

3. Ուժի ցուցադրում՝ ըստ անձնական քմահաճույքի

Թվում է, թե Թրամփը ղեկավարում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու զինված ուժերը սոցիալական ցանցերի միջոցով՝ բնազդաբար և տեսողական էֆեկտի վրա շեշտադրմամբ։

Նա պարբերաբար և իմպուլսիվ կերպով հրապարակային հարձակումների է ենթարկում հին դաշնակիցներին՝ ինչպես ընդհանուր ՆԱՏՕ-ին, այնպես էլ առանձին երկրների (Ուկրաինային, Կանադային, Դանիային)՝ տասնամյակների գործընկերությունը վերածելով կատակի առարկայի։

Իսրայելի պնդմամբ նա պատերազմ է սանձազերծել Իրանի դեմ՝ չունենալով ձգձգվող, դաժան և թանկարժեք հետևանքների հաղթահարման հստակ ծրագիր, որոնք ծավալվում են հենց այս րոպեներին։

Ռազմական գործողությունների թեժ պահին նա պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին թույլ է տվել պաշտոնանկ անել ցամաքային զորքերի բարձրագույն զինվորական հրամանատարին և Ռազմածովային ուժերի նախարարին։

Ըստ Նեյթ Սիլվերի հարցումների միջինացված տվյալների՝ նախագահի հակավարկանիշը 19 կետով գերազանցում է հավանության վարկանիշը: Դա ռեկորդային ցածր ցուցանիշ է նրա երկրորդ ժամկետի համար, որը համադրելի է հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհից հետո ժողովրդականության անկման հետ։

CNN-ի հունիսյան հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 70%-ը հավանություն չի տալիս Թրամփի տնտեսական քաղաքականությանը։ Համեմատության համար. նրա առաջին ժամկետի ընթացքում այս ցուցանիշը երբեք չի գերազանցել 50%-ը անգամ համավարակի թեժ շրջանում։

Թրամփի վարքագծի տիպիկ մոդելն այն է, որ նա զբաղեցնում է առավելագույնս կոշտ դիրքորոշում, իսկ հետո նահանջում է, հենց որ սկսում են ընկնել պարտատոմսերի եկամտաբերությունները կամ դժգոհություն են հայտնում ազդեցիկ MAGA բլոգերները։ Սոցիալական ցանցերում այս ֆենոմենն արդեն կնքել են TACO (Trump Always Chickens Out - «Թրամփը միշտ վախենում և հետքայլ է անում») հապավումով։

Սակայն այս նահանջները չեն ջնջում արվածի հետևանքները։ Լոգիստիկ շղթաներն արդեն վերակառուցվել են։ Դաշնակիցներն արդեն դիվերսիֆիկացրել են իրենց ռիսկերը։ Իսկ այն պատերազմի հակառակորդը, որն ԱՄՆ-ը սանձազերծել է սեփական ընտրությամբ, դեռևս ձայնի իրավունք ունի այն հարցում, թե երբ այն կավարտվի։

Թրամփի ընդունած քաղաքական որոշումների մեծ մասը Դեմոկրատական կուսակցությունից ընտրված հաջորդ նախագահը կկարողանա չեղարկել։ Դա ուղղակի հետևանքն է այն բանի, որ Թրամփը գործում է միայնակ՝ չհենվելով Կոնգրեսի ընդունած օրենքների վրա։

Սակայն աշխարհը չի կարող ակնթարթորեն վերադարձնել վստահությունն Ամերիկայի նկատմամբ։ Գեներալները չեն վերադառնում ծառայության հարկադիր պաշտոնանկությունից հետո։ Իսկ պետական ինստիտուտները, մեկ անգամ կոտրվելուց հետո, ամենևին ոչ միշտ են ենթակա վերականգնման։

Source: https://news.am/hy/news/1038593