ԱՄՆ-ում երդվյալ ատենակալները որոշում են կայացրել ընդդեմ Իլոն Մասկի՝ OpenAI-ի դեմ նրա ներկայացրած հայցով՝ սահմանելով, որ արհեստական բանականության ոլորտի ընկերությունը պատասխանատվություն չի կրում աշխարհի ամենահարուստ մարդու առջև՝ ի բարօրություն մարդկության ծառայելու իր սկզբնական առաքելությունից ենթադրյալ շեղման համար։

Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքի դաշնային երդվյալ ատենակալների դատարանը միաձայն վճռով արձանագրել է, որ Մասկը հայցը ներկայացրել է չափազանց ուշ․ հայտնում է Reuters-ը։

Վճիռը հաջորդել է 11 օր տևած լսումներին և ցուցմունքներին, որոնց ընթացքում Իլոն Մասկի և Սեմ Ալթմանի հանդեպ վստահությունը բազմիցս կասկածի տակ է դրվել։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում էր ավելի շատ սեփական շահույթով, քան հանրային բարօրությամբ հետաքրքրված լինելու մեջ։

Եզրափակիչ ելույթում Մասկի փաստաբան Սթիվեն Մոլոն երդվյալ ատենակալներին հիշեցրել է, որ մի շարք վկաներ կասկածի տակ են դրել Ալթմանի ազնվությունը կամ նրան անվանել ստախոս, իսկ ինքը՝ Մասկը, իր բացարձակ հուսալիության անվերապահ հավաստիացում չի տվել, երբ նրան դատարանում հարցրել են դրա մասին։

Մասկը պնդում էր, որ ընկերությունը գործել է ի շահ ներդրողների և ինսայդերների՝ ի վնաս իր ոչ առևտրային առաքելության, ինչպես նաև առաջնահերթություն չի տվել արհեստական բանականության անվտանգությանը։ Նա նաև պնդում էր, որ Microsoft-ն ի սկզբանե գիտեր, որ OpenAI-ն ավելի շատ կողմնորոշված է դեպի շահույթը, քան ալտրուիզմը։

OpenAI-ն, իր հերթին, հայտարարել է, որ հենց Մասկն է ընկերության մեջ տեսել ֆինանսական հնարավորություններ, և որ նա չափազանց ուշ է դիմել դատարան՝ ի բարօրություն մարդկության անվտանգ արհեստական բանականություն մշակելու հիմնադիր համաձայնագրի խախտման հայցով։

OpenAI-ն մրցակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Anthropic-ը և xAI-ը, և պատրաստվում է հնարավոր նախնական հանրային տեղաբաշխմանը (IPO), որը կարող է ընկերությունը գնահատել 1 տրիլիոն դոլար։ Microsoft-ն արդեն իսկ ավելի քան 100 միլիարդ դոլար է ներդրել OpenAI-ի հետ գործընկերության մեջ, ինչպես վկայել է ընկերության ներկայացուցիչը։

Մասկի xAI ընկերությունն այժմ մտնում է նրա SpaceX աերոտիեզերական ընկերության կառուցվածքի մեջ, որը նույնպես պատրաստվում է IPO-ի, ինչը իր մասշտաբներով կարող է գերազանցել OpenAI-ին։

Source: https://news.am/hy/news/1036409