Բուդապեշտը մոտ ապագայում կարող է համաձայնություն տալ Ուկրաինայի՝ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։

Նշվում է, որ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիգայի հետ։ Նույն օրը կողմերը հայտարարել են Անդրկարպատներում հունգարական փոքրամասնության իրավունքների վերականգնման վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկի մասին։

« Ուկրաինայի հետ հունգարական փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ բանակցություններ սկսելու ուղղությամբ Հունգարիայի քայլն ազդանշան է այն մասին, որ Բուդապեշտը, հավանաբար, առաջիկա շաբաթներին կաջակցի Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկին», — գրում է պարբերականը։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար պետք է կատարի Բուդապեշտի 11 պայմանները, որոնք վերաբերում են Անդրկարպատներում հունգարացիների իրավունքների վերականգնմանը։ Նա նաև նշել է, որ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին ուղերձ է ստացել Ուկրաինայի կառավարությունից։

«Politico»-ն ապրիլի 30-ին հայտնել էր, որ ԵՄ անդամ այն երկրների ներկայացուցիչները, որոնք մերժել են Ուկրաինային արագացված ընթացակարգով միությանը կցելու պլանը, մտադիր են դրա փոխարեն առաջարկել կրճատված ինտեգրում։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայից պահանջվում է իրականացնել լիարժեք անդամակցության համար անհրաժեշտ աշխատանքներն ու բարեփոխումները։

Source: https://news.am/hy/news/1036517