Այսօր՝ մայիսի 18–ին, Արաբկիրում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած կնոջը՝ Արփինե Սողոյանին, ցանկանում են ազատել Երևանի թիվ 16 պոլիկլինիկայից, որտեղ նա մանկաբարձ–գինեկոլոգ է։

NEWS.am–ի տեղեկություններով նրան հոդորել են սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից, սակայն նա չի ընդունել այդ առաջարկը, ասել է՝ եթե ուզում եք՝ ազատեք։

Մեր տեղեկություններով ազատման հրահանգը եղել է Երևանի քաղաքապետարանից։

Ի դեպ, միջադեպի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հենց այդտեղ է եղել, և ճանաչում է բժշկուհուն։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցել է նրան և ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չէր տվել, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։

«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը».Փաշինյանը հունից դուրս եկավ եւ սկսեց գոռգոռալ

Source: https://news.am/hy/news/1036283