Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից և սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո։ Այս մասին թուրքական «Cumhuriyet» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մշտական կապի մեջ է Թուրքիայի հետ, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ շարունակվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա հավելել է, որ ակնկալվում է, թե հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական փոփոխությունների միջոցով «Հայաստանի Սահմանադրությունը կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։

Դրանից հետո, ըստ Մամեդովի ներկայացրած պլանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր, որը նախապես համաձայնեցվել է ԱՄՆ-ում։ Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ այս գործընթացի ավարտին կբացվեն նաև Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան սահմանները։

Հայաստանի և Թուրքիայի միջև գործում է սահմանային երկու անցակետ՝ Իգդիրի Ալիջանը և Կարսի Աքյաքան։

«BBC»-ի տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո, որն, ինչպես պնդում են, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ «Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո Անկարան նույնպես պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները»։

Վերջերս՝ մայիսի 13-ին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտուր սկսելու փաստաթղթային նախապատրաստական աշխատանքները։ Ըստ այդմ՝ նոր կարգավորումը թույլ կտա Թուրքիայից ուղիղ արտահանումներ իրականացնել Հայաստան։

Source: https://news.am/hy/news/1036525