Հայաստանում կներդրվի պետական մարմինների միջև տվյալների փոխանակման X-Road հարթակը։ Հայաստանի կառավարությունը մայիսի 27-ի նիստում հաստատել է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման ընթացակարգի ստեղծման և կիրառման կարգը։

«Առաջարկվում է պետական մարմինների տեղեկատվական շտեմարանների միջև տվյալների փոխանակումն իրականացնել բաց կոդով X-Road հարթակի միջոցով, որը հաջողությամբ կիրառվում է Էստոնիայում ու Ֆինլանդիայում և համարվում է առաջադեմ մոդել»,- հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս ճարտարապետության ներդրումը պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումն իրականացվում էր տարբեր մոդելներով, ինչպիսիք են «փակ ճարտարապետությունը», «բաց ճարտարապետությունը», API-ները և այլն։

«X-Road-ի օգտագործումը մի շարք առավելություններ կապահովի։ Մասնավորապես՝ կբացառվի պետական մարմինների տվյալների կրկնօրինակումը, ինչպես նաև կբարձրացվի տվյալների անվտանգությունը, գաղտնիությունն ու թափանցիկությունը։ Ներկայումս ինտեգրման փուլում ներգրավված է 35 մարմին, որոնցից 20-ը պետական են, իսկ 13-ը՝ մասնավոր ընկերություններ։ Պետական մարմինների համար համակարգին ինտեգրվելը պարտադիր կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը, իսկ մյուսների համար՝ սեփական հայեցողությամբ»,- նշել է Մելիքսեթյանը։

Source: https://news.am/hy/news/1038800