Հայաստանում կալանավորված կամ ձերբակալված անձինք կկարողանան հեռավար ձևաչափով մասնակցել դատական գործընթացին։ Այս մասին մայիսի 18-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ նման ձևաչափով նիստերին մասնակցությունը կարող է իրականացվել կամ մեղադրյալի պահանջով, կամ դատարանի որոշմամբ։ Փաթեթի նպատակն է հանրային իրավակարգի առողջացումը, դատական գործընթացի մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, անվտանգության ապահովումը, հանցագործությունների կանխարգելումը և ողջամիտ ժամկետներում դատական ատյաններում գործերի քննությունը։

«Նման մեխանիզմը կիրառվել էր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Այժմ որոշում է կայացվել ինստիտուցիոնալացնել այս պրակտիկան։ Փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը, որը նույնպես մի շարք դեպքերում խորհուրդ է տվել կիրառել այս նորամուծությունը», - ասել է Ղազարյանը։

Ներկայացված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մեղադրյալը հեռավար ձևաչափով իրավունք կստանա ոչ միայն մասնակցելու դատական գործընթացներին, այլև շփվել իր փաստաբանի հետ։

Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Source: https://news.am/hy/news/1036323