ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։
Regeneron ISEF 2026-ն աշխարհի խոշորագույն, ամենահեղինակավոր և բարձր մրցունակությամբ դպրոցական գիտական մրցույթներից է, որին այս տարի մասնակցում են շուրջ 70 երկրի ավելի քան 1600 լավագույն երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով նորարարական նախագծեր գիտության և տեխնոլոգիաների լայն շրջանակում։ Մրցույթն ընդգրկում է 22 ոլորտ, որոնցից յուրաքանչյուրն ունի 7-8 ենթաոլորտ՝ ֆիզիկայից և ինժեներությունից մինչև կենսաբանություն և այլ կիրառական գիտություններ։
Ալբերտ Շահինյանի հետազոտությունը (PHYS066 — AWH Enhancement via Multilayer Graphene) նվիրված է գլոբալ նշանակություն ունեցող խնդիրներից մեկին՝ ջրի սակավությանը, և նպատակ ունի բարձրացնել մթնոլորտային ջրի հավաքման (Atmospheric Water Harvesting – AWH) արդյունավետությունը՝ գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ։ Աշակերտի հետազոտության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ՀԱՊՀ կայքում։
Հիշեցնենք, որ Ալբերտ Շահինյանը հեղինակավոր միջազգային մրցույթին մասնակցության հնարավորություն էր ստացել՝ որպես մարտի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ի (ASSF) եզրափակիչ փուլի մրցանակակիր։ ISEF 2026-ին մասնակցել են նաև «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի սովորող Մարիա Մելիքյանը և 11-րդ դասարանի սովորող Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով Sorbroot նախագիծը։ Վերջինիս շրջանակում աշակերտները ուսումնասիրել են ջրի մաքրման գործում պլաստիկ թափոնների կիրառության հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեկնարկել է ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ 2021 թվականին։ Այս տարի մարտի 28-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ թվով 6-րդ փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 140 սովորողներ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 հանրակրթական ուսումնական հաստատություններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր։ Ներկայումս ընթանում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2027» մրցույթի հայտերի ընդունումը, որի մրցանակակիրները ևս հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց հետազոտությունները ԱՄՆ և ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթներին։
Source: https://news.am/hy/news/1036820
Armenia
Հայաստանի ներկայացուցիչն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի․ ԿԳՄՍՆ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։