Անհրաժեշտ է հստակեցնել կադաստրային քարտեզներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների հայտնաբերման, դրանց օրինական ուղղման և կատարված փոփոխությունների պետական գրանցման կարգը։ Այս մասին մայիսի 19-ի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստական խնդիրներով։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կադաստրային քարտեզներում և պետական գրանցման տվյալներում սխալների (քանակական և որակական) հայտնաբերման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությանը, ինչպես նաև Կոմիտեի, հողաչափների և շահագրգիռ կողմերի միջև լիազորությունների ոչ հստակ բաշխմանը։

«Նշված խնդիրները հաճախ վարչական ու դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների և իրավական անորոշության պատճառ են դառնում։ Նախագծի նպատակն է վերացնել վերոնշյալ խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգումը, դրանց ուղղման իրավական հիմքերը, ինչպես նաև վարչական դատավարության սկզբունքների վրա հիմնված ընթացակարգային երաշխիքները։ Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվող կանոնների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական է դարձել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի վարչական գործով կայացրած նախադեպային որոշման համատեքստում։ Այդ որոշմամբ արձանագրվել է, որ՝ ելնելով ֆիզիկական անձի սեփականության իրավունքները պաշտպանելու պետության պոզիտիվ պարտականության բովանդակությունից, պետական իշխանության մարմինները, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեն և համայնքների ղեկավարները, ովքեր իրավասու են նախաձեռնել կադաստրային քարտեզում առկա սխալի ուղղումը, պարտավոր են հանդես բերել համապատասխան նախաձեռնությամբ և դրանով իսկ վերացնել այդ սխալի պատճառով ֆիզիկական անձի իրավունքների պետական գրանցման համար առաջացած խոչընդոտը»,- ասել է Ղազարյանը։

Փաթեթում մանրամասն սահմանվում են կադաստրային քարտեզում անշարժ գույքի օբյեկտի նշագրման սխալի բովանդակությունը և նման սխալների տեսակները՝ քանակական (մակերես, գծային չափեր, երկրաչափական ձև), որակական (նպատակային և գործառնական նշանակություն, սեփականության սուբյեկտ), ինչպես նաև սխալների ուղղման իրավական հիմքերը՝ իրավաբանական փաստաթղթեր, չափագրման տվյալներ, հարևան հողամասերի սեփականատերերի պայմանագրեր, Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող վարչական ընթացակարգեր։

Որոշ քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Source: https://news.am/hy/news/1036519