ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ զրույցում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության զարգացումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության ամենախոստումնալից ուղղությունները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել տնտեսական ու տեխնոլոգիական ծրագրերին, միջխորհրդարանական կապերին, ինչպես նաև Չինաստան կատարած այցից պատգամավորի անձնական տպավորություններին և երկու երկրների միջև գործընկերության հետագա ամրապնդման վերաբերյալ նրա սպասելիքներին։

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները։

1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ Հայաստանի և Չինաստանի միջև կապերը զարգացել են ջերմ ու ընկերական մթնոլորտում: Դրանց հիմքում ընկած են մեր ժողովուրդների ավանդական ամուր կապերը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը, ինչպես նաև պատմականորեն ձևավորված սերտ համագործակցությունը:

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը՝ այն համարելով իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ակտիվ քաղաքական երկխոսության համատեքստում, Հայաստանը, անշուշտ, հատուկ նշանակություն է տալիս բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունների ակտիվացմանը:

Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի երկկողմ հանդիպման արդյունքները, որը կայացավ 2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը վարչապետի՝ Չինաստան կատարած այցի շրջանակներում: Այդ հանդիպման շնորհիվ մեր հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ՝ հասնելով «ռազմավարական գործընկերության» մակարդակի: Սա հայ-չինական հարաբերություններում պատմական կարևորագույն հանգրվան է, որը նոր բովանդակություն ու շունչ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում առկա համագործակցությանը։

Մեր երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն արտացոլվում է նաև երկկողմանի կարևոր հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներով: Հայկական կողմը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին, վճռականորեն դեմ է արտահայտվում «Թայվանի անկախության» ցանկացած դրսևորման և աջակցում է երկրի վերամիավորմանն ուղղված Չինաստանի ջանքերին:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ Չինաստանը նույնպիսի մոտեցում ունի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության հարցերում. նա սատարում է Հայաստանի քաղաքական անկախությանը և ողջունում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի դրական զարգացումները: Մեր այս դիրքորոշումներն արտացոլված են նաև երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթում:

Որո՞նք են այս փուլում առավել կայացած համագործակցության ոլորտները, և որո՞նց վրա է պետք ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով դրանց հեռանկարայնությունը:

Մեր ավանդական բարեկամությունը հիմք է հանդիսացել ոչ միայն քաղաքական երկխոսության, այլև տնտեսական հարաբերությունների համար: Վերջին տարիներին առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են:

Մեր երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը հսկայական, դեռևս չիրացված ներուժ ունի։ Կարծում ենք, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում չինական ընկերությունների ներդրումները կարող են զգալիորեն բարձրացնել տնտեսության մյուս ճյուղերի ներդրումային գրավչությունը՝ հաշվի առնելով Չինաստանի հարուստ փորձն այս բնագավառում։

Վերջին տարիներին Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը և ձգտում է խորացնել Չինաստանի հետ այս ուղղությամբ ունեցած համագործակցությունը։ Հայաստանյան «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերում չինական կողմի մասնակցությունը կարող է դիտարկվել որպես համագործակցության հեռանկարային հարթակ։

Դուք երբևէ այցելե՞լ եք Չինաստան։ Ի՞նչ տպավորություններ ունեք։

2015-2019 թվականներին՝ նախքան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելս, աշխատել եմ բջջային հեռախոսների և պլանշետների արտադրությամբ զբաղվող մի ընկերությունում, որտեղ մենք շատ սերտորեն համագործակցում էինք չինական ընկերությունների հետ։ Այդ տարիներին հաճախ էի լինում Շենժենում և ամեն անգամ անսահման հիանում էի այդ քաղաքի զարգացման տեմպերով։ Խորհրդարանական գործունեությանս տարիներին, ցավոք, տարբեր պատճառներով չհաջողվեց այցելել Չինաստան, բայց համոզված եմ, որ այդպիսի առիթ դեռ անպայման կլինի։

Որպես Ազգային ժողովի անդամ, ի՞նչ ակնկալիքներ ունեք երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ապագա փոխանակումների և համագործակցության վերաբերյալ։

Պետք է նշեմ, որ վերջին շրջանում ակտիվացել են միջխորհրդարանական փոխայցելությունները։ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը՝ խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, Չինաստան է այցելել 2024 թվականին, իսկ 2025 թվականին Հայաստան է ժամանել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի գլխավորած պատվիրակությունը։ Այս այցերի ընթացքում ծավալվել են բովանդակալից ու արդյունավետ քննարկումներ։

Ակնկալում եմ, որ Հայաստանի և Չինաստանի միջև միջխորհրդարանական գործակցությունն էլ ավելի կխորանա ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում։ Այս առումով առանձնակի կարևորվում են պրոֆիլային հանձնաժողովների, բարեկամական խմբերի և երիտասարդ պատգամավորների միջև պարբերական շփումները։

Խորհրդարանները կարող են ծանրակշիռ դեր խաղալ համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման համար նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծելու գործում։

Source: https://news.am/hy/news/1036223