ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հատուկ նիստում հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տիրող ներկա իրավիճակի և դրանից բխող համաշխարհային տնտեսական հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի դեմ պատերազմ սանձազերծողների և նրանց տարածաշրջանային գործընկերների վրա: Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:

Իրավանին ելույթ է ունեցել ԷԿՈՍՈՍ-ի հատուկ նիստում, որը կրում էր «Էներգետիկ հոսքերի և մատակարարումների պաշտպանություն. համաշխարհային զարգացման խթանում միջազգային համագործակցության միջոցով» խորագիրը: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ազնվորեն առերեսվի էներգետիկ շուկայի ներկա անկայունության բուն պատճառներին, այլ ոչ թե պարզապես փորձի վերացնել դրա հետևանքները:

Դեսպանը նշել է, որ Իրանը տուժել է երկու՝ միմյանց հետ սերտորեն կապված պատճառներով։ Նրա խոսքով՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում երկիրը երկու անգամ դարձել է ապօրինի ագրեսիայի թիրախ, ինչը ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Այս հարձակումների հետևանքով, ինչպես նշել է նա, զոհվել են հազարավոր անմեղ խաղաղ բնակիչներ, հատկապես կանայք ու երեխաներ, ինչպես նաև մեծածավալ ավերածություններ են պատճառվել քաղաքացիական, տնտեսական, էներգետիկ և էկոլոգիապես զգայուն ենթակառուցվածքներին, որոնց ծանր հետևանքները կզգացվեն նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից երկար ժամանակ անց։

Իրավանին առանձնացրել է չորս գործոն, որոնք, ըստ նրա, ընկած են ներկա ճգնաժամերի և անկայունության հիմքում։ Առաջինն այն է, որ անկայունությունը դատարկ տեղից չի առաջացել։

Նրա ձևակերպմամբ՝ սա Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական էսկալացիայի ու ագրեսիվ գործողությունների հետևանքն է. քայլեր, որոնք մեծացրել են լարվածությունն աշխարհի ամենառազմավարական էներգետիկ և առևտրային տարածաշրջաններից մեկում՝ խարխլելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային կայունությունը։

Երկրորդ՝ Իրանի նավթային, գազային և նավթաքիմիական ենթակառուցվածքներին հասցված ուղիղ հարվածները լրջագույն տնտեսական ու բնապահպանական վնաս են հասցրել Պարսից ծոցի ողջ տարածաշրջանին։

Երրորդ՝ տարածաշրջանային հարատև անվտանգության հնարավոր չէ հասնել դիմակայության կամ օտարերկրյա պետությունների վրա հույս դնելու միջոցով. դա հնարավոր է միայն երկխոսության, փոխադարձ հարգանքի, սուվերենության ու տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային իրական համագործակցության շնորհիվ։

Իրավանին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնում կառուցողական փոխգործակցությանը և պատրաստ է ջանքեր գործադրել Հորմուզի նեղուցում կայունությունը, էներգետիկ անվտանգությունն ու բնականոն պայմանները վերականգնելու համար՝ պայմանով, որ կդադարեցվեն ագրեսիան ու ռազմական էսկալացիան, և կվերացվի ծովային շրջափակումը։

Source: https://news.am/hy/news/1035844