Տասնամյակների հարաբերական կայունությունից հետո Անտարկտիդայի շուրջ ծովային սառույցը սկսել է արագ կրճատվել, և 2023 թվականին դրա մակերեսը հասել է ռեկորդային ցածր մակարդակի։

Գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչու մայրցամաքը, որը երկար տարիներ ավելի դիմացկուն էր թվում գլոբալ տաքացման նկատմամբ, հանկարծ սկսեց կորցնել իր սառցածածկույթը։

Science Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտությունն այս գործընթացի համար համոզիչ բացատրություն է տվել։

Հետազոտողները պարզել են, որ առանցքային դեր են խաղացել Հարավային օվկիանոսում ուժեղացած արևմտյան քամիները։ Դրանք աստիճանաբար դեպի հյուսիս են մղել սառը մակերեսային ջրերը, իսկ դրանց փոխարեն վեր են բարձրացել ավելի տաք և ավելի աղի խորքային ջրերը։

Շատ տարիներ սառը քաղցրահամ ջրի մակերեսային շերտը զսպել է այդ ջերմությունը, սակայն մինչև 2015 թվականը պաշտպանիչ պատնեշը սկսել է թուլանալ։ Տաք ջուրը հասավ մակերեսին և սկսեց ներքևից ակտիվորեն հալեցնել ծովային սառույցը։

Սկզբում այս գործընթացը առաջացրել է սկզբնական հալոցք, բայց հետո գործի է անցել ինքնաարագացման մեխանիզմը։ Քանի որ սպիտակ սառցածածկույթի մակերեսը փոքրանում էր, օվկիանոսը սկսել է ավելի շատ արեգակնային ջերմություն կլանել՝ այն դեպի հետ՝ տիեզերք արտացոլելու փոխարեն։

Սա դանդաղեցրել է աշնանն ու ձմռանը նոր սառույցի ձևավորումը։ Միաժամանակ, նվազել է քաղցրահամ ջրի ներհոսքը, որը սովորաբար առաջանում է սառույցի սեզոնային հալման ժամանակ, ինչի հետևանքով օվկիանոսի վերին շերտերը դարձել են ավելի աղի և պակաս կայուն։ Արդյունքում՝ տաք ջուրը սկսել է ավելի հեշտ բարձրանալ դեպի մակերես։

Հեղինակներն առանձնացրել են այս կլիմայական բեկման երեք փուլ՝ 2005 թվականից պաշտպանիչ սառը շերտի աստիճանական բարակում, 2015 թվականին տաք ջրի կտրուկ ճեղքում և 2018 թվականից հետո սառցածածկույթի ինքնապահպանվող կրճատման անցում։ Հենց այս գործընթացների շղթան էլ 2023 թվականին հանգեցրել է ծովային սառույցի պատմական նվազագույն մակարդակին։

Հետազոտության գլխավոր հեղինակ Ադիտիա Նարայանանի (Նոր Հարավային Ուելսի համալսարան և Սաութհեմփթոնի համալսարան) խոսքով, եթե ջերմոցային գազերի արտանետումները շարունակվեն, անտարկտիկական ծովային սառույցի արագ վերականգնման հույս գրեթե չի լինի։

Սա նշանակում է, որ Հարավային օվկիանոսը կարող է ավելի արագացնել գլոբալ տաքացումը և ազդել համաշխարհային օվկիանոսի մակարդակի և ողջ մոլորակի կլիմայի վրա։

Source: https://news.am/hy/news/1035881