Հնագետները բրիտանական Քոլչեսթեր քաղաքում հայտնաբերել են բարձր կարգավիճակ ունեցող հռոմեացի կնոջ գերեզման, կինը հուղարկավորվել է կապարե դագաղում՝ հազվագյուտ զարդերի և էկզոտիկ նյութերի հետ միասին։ Գտածոն նկարագրված է Live Science պարբերականում։

Հետազոտողների տվյալներով՝ կինը մահացել է մոտ 20–30 տարեկան հասակում և ապրել է այն ժամանակաշրջանում, երբ ներկայիս Բրիտանիայի տարածքը գտնվում էր Հռոմեական կայսրության իշխանության տակ։

Թաղման ճշգրիտ ժամանակը դեռևս չի հաստատվել, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը ուշ հռոմեական շրջանի մասին է (մոտավորապես մ.թ. III–V դարեր)։

Թաղման առանձնահատկությունը առարկաների և նյութերի անսովոր հարուստ հավաքածուն է։ Դագաղում հայտնաբերվել են գագատից (սև քարացած ածուխ) պատրաստված մազակալներ, հազվագյուտ ապակյա անոթներ և շքեղության այլ առարկաներ։

Բացի այդ, հավանաբար մարմինը մշակվել է գիպսով և պատվել է էկզոտիկ խեժերով, այդ թվում՝ կնդրուկով, որը բերվել էր Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի տարածաշրջաններից։

Հետազոտողները նշել են, որ այդ նյութերի օգտագործումը վկայում է հանգուցյալի բարձր սոցիալական կարգավիճակի և հռոմեական Բրիտանիայում թաղման բարդ պրակտիկաների մասին։

Նման նյութերը կարող էին կիրառվել մարմնի պահպանման և թաղման հետ կապված ծեսերի իրականացման համար։

Հնագետների խոսքով՝ սա վերջին տարիներին Քոլչեսթերում հայտնաբերված ամենահետաքրքիր հռոմեական գերեզմաններից մեկն է։ Այն ցույց է տալիս, թե որքան սերտորեն էր հռոմեական գավառական էլիտան ներառված կայսրության միջազգային առևտրային ցանցերում և մշակութային գործելակերպերում։

Source: https://news.am/hy/news/1035873