FIP.am-ը՝ «Փաստերի ստուգման հարթակը», «Անկախ դիտորդի» թիմի աջակցությամբ գաղտնի նկարահանումներով բացահայտել է, որ Քանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները մի շարք խանութների ու սննդի օբյեկտների վրա (երբեմն՝ ի հեճուկս վերջիններիս տերերի ցանկության) փակցրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (և յուր թեկնածու Նիկոլ Փաշինյանի) քարոզչապաստառները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ նշենք, որ սա խախտում է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ պարբերությունը, որը սահմանում է, որ արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։

Ապա արձանագրենք, որ համայնքային ծառայողների կողմից աշխատանքային օրը, աշխատանքային ժամին, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն նախընտրական քարոզչանյութերի փակցնելը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) նախատեսված հանցակազմ։

Ավելին, քանի որ իրականացրած գաղտնի տեսագրություններում հստակ երևում է, որ որոշ օբյեկտների սեփականատերերը կամ աշխատակիցները չեն աջակցում ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, դա կարող է վկայել, որ քարոզչական նյութերի տեղադրումը կատարվել է ոչ կամավոր հիմունքներով։ Այդ դեպքում համայնքային ծառայողների արարքը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմ։

«Անկախ դիտորդ» դաշինքում արդեն իսկ նախապատրաստում ենք համապատասխան հաղորդումը Դատախազություն և դիմումը ԿԸՀ»։

Source: https://news.am/hy/news/1035719