ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին և Չինաստանին առաջարկել է միավորվել ընդդեմ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)։ Այդ մասին մայիսի 19-ին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հանդիպման ընթացքում Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին միավորել ջանքերը ՄՔԴ-ի դեմ պայքարում՝ հայտարարելով, որ նրանց շահերը համընկնում են», — ասվում է նյութում։

Միևնույն ժամանակ Financial Times-ի զրուցակիցը չի հստակեցրել, թե Սի Ծինփինը ինչպես է արձագանքել Սպիտակ տան ղեկավարի առաջարկին։

Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի սերտ ռազմավարական փոխգործակցությունը համաշխարհային ասպարեզում կարևոր կայունացնող դեր է խաղում։ Նա վստահություն է հայտնել, որ կողմերը կշարունակեն խորացնել գործընկերությունն ու բարիդրացիությունը՝ հանուն զարգացման և ժողովուրդների բարեկեցության։

Source: https://news.am/hy/news/1036576