Բիբլոս Բանկ Արմենիան տրամադրել է ֆինանսավորում՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված և Գավառի պետական համալսարան ընդունված 9 ուսանողի ուսման վարձի փոխհատուցմանը։

Երիտասարդներին աջակցելը և կրթության հավասար հասանելիության ապահովումը կարևոր պատասխանատվություն է Բանկի համար։

Նախաձեռնության նպատակն է մեղմել դժվարին պայմաններում հայտնված արցախցի ուսանողների և նրանց ընտանիքների սոցիալական բեռը։

«Բիբլոս Բանկ Արմենիայի համար սա կարևորագույն նախաձեռնություն է: Այն կօգնի ստեղծել կայուն միջավայր, որպեսզի երիտասարդները հմտանան իրենց ընտրած մասնագիտության մեջ և սկսեն ու զարգացնեն իրենց կարիերան: Սա նաև ուսանողներին թույլ կտա կյանքի այս կարևոր փուլում կենտրոնանալ ուսման վրա և իրենց նպատակներին հասնելու ավելի հարմար ուղիներ գտնել»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԳՊՀ ընդունված ուսանողներին Բիբլոս Բանկ Արմենիայի ցուցաբերած աջակցությունը։ Նման նախաձեռնությունները քաջալերում են արցախցի երիտասարդներին, զորացնում մարդկանց և ապագայի հանդեպ լավատեսությամբ, մղում ամուր կամքով ամբարելու գիտելիքներ, դառնալու որակյալ մասնագետներ և իրագործելու բոլոր նվիրական երազանքները»,- նշում է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։ Բանկը համագործակցում է բուհերի և այլ ուսումնական հաստատությունների հետ՝ երկարաժամկետ հեռանկարում արդյունքներ տեսնելու ակնկալիքով։

Source: https://news.am/hy/news/1039373