Ավտոմոբիլային աշխարհում լուրեր են տարածվել Ferrari-ի նոր գերգաղտնի նախագծի մասին այն բանից հետո, երբ ընկերությունը գրանցել է FX-100 ապրանքային նշանը։ Առայժմ իտալական ավտոարտադրողը պաշտոնապես ոչինչ չի հաստատում, սակայն բրենդի երկրպագուներն արդեն համոզված են․ խոսքը կարող է գնալ պատմության ամենածայրահեղ Ferrari-ներից մեկի մասին, գրում է Motorious-ը։
Անվանումը միանգամից բազմաթիվ տեսություններ է առաջացրել։ Այն նման չէ ճանապարհային Ferrari-ների ավանդական անուններին և ավելի շատ հիշեցնում է հայտնի XX ծրագրի մեքենաների նշագրումները՝ ուլտրածայրահեղ թրեքային մեքենաների շարքը, ինչպիսիք են FXX-ը, 599XX-ը և FXX-K-ն։ Այս մեքենաները ստեղծվել էին որպես յուրատեսակ «անիվների վրա լաբորատորիաներ», որտեղ Ferrari-ն փորձարկում էր Ֆորմուլա-1-ով ոգեշնչված տեխնոլոգիաներ։
Շատ փորձագետներ կարծում են, որ FX-100-ը կարող է դառնալ Ferrari-ի նոր F80 հիպերքարի ավելի արմատական տարբերակը կամ ընդհանրապես առանձին մոդել, որը կկանգնի բրենդի ներկայիս ողջ շարքի վերևում։
Սակայն հատկապես հետաքրքրություն է առաջացնում «100» թիվը։ Երկրպագուները վստահ են, որ այն կապված է Scuderia Ferrari-ի մրցարշավային ստորաբաժանման գալիք հարյուրամյակի հետ, որը հիմնադրվել է 1929 թվականին, հայտնում է Motorious-ը։
2029 թվականին բրենդը կնշի 100-ամյա հոբելյանը, և շատերը կարծում են, որ FX-100-ը կդառնա հատուկ հոբելյանական հիպերքար։
Նման տրամաբանություն Ferrari-ի պատմության մեջ արդեն եղել է։ Լեգենդար F40 և F50 մոդելները ստեղծվել էին ընկերության հոբելյանների պատվին, իսկ LaFerrari-ի ներքին անվանումը, ըստ ԶԼՄ-ների, եղել է F70։ Այդ պատճառով FX-100-ը հիանալի տեղավորվում է խորհրդանշական ֆլագմանային մեքենաների ավանդույթի մեջ։
Կա նաև ևս մեկ հետաքրքիր վարկած։ Որոշ լրագրողներ FX անվանումը կապում են 1990-ականների չափազանց հազվագյուտ Ferrari FX-ի հետ՝ փորձարարական մեքենայի, որը ստեղծվել էր Բրունեյի սուլթանի համար։ Մեքենան համատեղում էր Testarossa շարժիչը և կիսաավտոմատ փոխանցման տուփը, որը մշակվել էր Williams Formula 1-ի հետ համատեղ։
Այս լուրերի ֆոնին իրավիճակը հատկապես հետաքրքիր է թվում, որովհետև Ferrari-ն այժմ միաժամանակ շարժվում է անմիջապես երկու ուղղությամբ․ պատրաստում է իր առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենան՝ Ferrari Luce-ը, և, հնարավոր է, զուգահեռաբար աշխատում է նոր բենզինային կամ հիբրիդային հիպերքարի վրա ամենահարուստ կոլեկցիոներների համար։
Առայժմ FX-100-ի տեխնիկական որևէ բնութագիր չի բացահայտվել։ Սակայն եթե նախագիծն իսկապես գոյություն ունի, շատերը սպասում են տեսնել սահմանափակ սերիա՝ ծայրահեղ աերոդինամիկայով, ավտոսպորտից եկած տեխնոլոգիաներով և հազար ձիաուժից շատ ավելի մեծ հզորությամբ։
Source: https://news.am/hy/news/1039308
World
Ferrari-ի գաղտնի նախագիծը․ երկրպագուները սպասում են ամենածայրահեղ հիպերքարի հայտնվելուն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։