Երկարաժամկետ խաղաղություն ապահովելու նպատակով Ադրբեջանի հետ՝ Հայաստանը միաժամանակ փորձում է ամրապնդել ռազմական գործընկերությունը Հնդկաստանի հետ, գրում է Eurasianet-ը։

Պարբերականը հղում է անում India Defense Research Wing (IDRW)-ի տարածած զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը մտադիր է ստեղծել սեփական ներքին արտադրական գծեր՝ հնդկական զինամթերքի, այդ թվում՝ 155 մմ հրետանային արկերի և Pinaka հրթիռային համակարգերի արտադրության համար։

Զեկույցում չի հստակեցվում, թե որքանով են առաջընթաց ունեցել այս հարցի շուրջ երկկողմ բանակցությունները, ինչպես նաև չի նշվում հնարավոր գործարքի հավանական ծավալը կամ արժեքը։

Eurasianet-ը ընդգծում է, որ վերջին տարիներին Հարավային Կովկասը փաստացի վերածվել է Հարավային Ասիայում Հնդկաստանի և Պակիստանի միջև կոշտ մրցակցության շարունակության։ Մինչ Հայաստանը կառուցում է պաշտպանական կապեր Հնդկաստանի հետ, Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան ստեղծել են անվտանգության ոլորտում գործընկերություն։

Հայաստանի համար Հնդկաստանի հետ ռազմավարական կապերի աճը արտացոլում է Երևանի ներկայիս լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը պատմականորեն եղել է երկրի դաշնակիցը։

«Այս գործընկերությունը ոչ միայն ամրապնդում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, այլև թույլ է տալիս Հնդկաստանին ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ այն բախվում է Ադրբեջանի աջակցող Թուրքիայի և Պակիստանի դաշինքների դիմադրությանը», — ասվում է 2025 թվականին Atlantic Council-ի հրապարակած վերլուծության մեջ։

Source: https://news.am/hy/news/1036560