Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտյոմ Աբրոյանը վստահ է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու է իշխող «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունը, իսկ իրենց կուսակցությունը հավաքելու է մոտ 10 տոկոս և մտնելու է խորհրդարան։ Արտյոմ Աբրոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունենում մայրաքաղաքի և մարզերի բնակիչների հետ, բացի այդ, նախընտրական ծրագիրը ներկայացվում է նաև սոցիալական հարթակներում։
«Մենք անցկացնում ենք շատ լավ քարոզարշավ, մեզ շատ լավ դիմավորում են, ժողովուրդը մեր հանդեպ շատ լավ է տրամադրված, մենք 10 տոկոսով անցնելու ենք խորհրդարան։ Քաղաքացիները մեզ հիմնականում նախկինների վերաբերյալ հարցեր են տալիս, հարցնում են՝ ինչու նրանց հարցերը լուծված չեն։ Բայց դրանով մեր կուսակցությունը չպետք է զբաղվի, գործող իշխանությունը պետք է անի»,–հավելեց Աբրոյանը։
Արտյոմ Աբրոյանը նշեց, որ եթե կոալիցիա ձևավորելու անհրաժեշտություն լինի, ապա Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կոալիցիա կձևավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
«Բայց եթե գործող իշխանությունն էլ, մենք էլ հաղթահարենք շեմը, ապա, բնականաբար, խորհրդարանը լինելու է այն ձևաչափով, ինչպես մենք արդեն ներկայացրել ենք մեր ծրագրում․ մենք աշխատելու ենք որպես իրական ընդդիմություն, աշխատելու ենք բոլոր հայանպաստ ծրագրերի շուրջ, մենք էլ շատ լավ ծրագրեր ենք առաջարկելու։ Շատ կարևոր մի բան կա, պետք չէ պատկերացնել, որ ընդդիմությունը պետք է անպայման բզկտի իշխանությանը։ Մենք պետք է մեր գործառույթը կատարենք պետության համար։ Եթե գործող իշխանությունը բերում է ծրագիր, որը լավ է պետության համար, պետք է անպայման բզկտե՞նք ծրագիրը, ինչն արվում է այսօրվա խորհրդարանում։ Մենք պետք է, իհարկե, հաշվետվություն պահանջենք գործող իշխանությունից, բայց միաժամանակ մրցակցենք, թե ով ավելի լավ ծրագիր կբերի, դա է պետության հաջողությունը»,–նշեց Աբրոյանը։
Նշենք, որ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակում 1-ին համարը Լևոն Շիրինյանն է։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։
Source: https://news.am/hy/news/1039342
World
Եթե անհրաժեշտություն լինի, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կոալիցիա կկազմի ՔՊ–ի հետ․ Աբրոյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։