Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկին։

Նա մասնավորապես, գրել է. «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում կրկին հիշատակեց իմ անունը՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքի հետ կապված։ Լսիր ինչ եմ ասում՝ դեպքից անցել է արդեն երեք տարի, և այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքննվել։ Ավելին՝ երբ հոսպիտալում պառկած էի, հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից։

Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Սիրելի ժողովուրդ, այս հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

Եվ մեկ բան էլ հստակ ասեմ՝ ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ։ Ես սատարել եմ և շարունակելու եմ սատարել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վստահ եմ՝ նա այն մարդն է, ով կարող է վերականգնել այն, ինչ այս իշխանությունը տարիներով քանդել է»։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 15–ին, Արմավիրի մարզում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել Ազատի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողներից մեկի մայրը և դիմելով Փաշինյանին ասել էր. «Դուք սպանեցիք էդ 15 երեխուն ու այսօր, եկել ասում եք՝ թոշակ բարձրացրի, մանկապարտեզ սարքեցի, դպրոց սարքեցի... Ինչի՞ համար է դպրոցները, որ թուրքերը գան լցվե՞ն, դրա համա՞ր։ Քեզնից բան չեմ ուզում, կարա՞ս՝ իմ երեխուն բեր, ես 18 տարի երեխա եմ պահել, գրկել եմ մեծացրել, իր հետ քայլել, ու հիմա իմ երեխեն չկա, ես էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք։

Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից դպրոցի տարիքից իմ երեխեն դոշ է տվել, ես էլ երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվի այն օրը, որ ես ձեզ եմ ընտրել, որովհետև դուք իմ երեխու մահվան պատճառը դարձաք»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ազատել է զորամասի պատասխանատուներին, այդ թվում հրամանատարի տեղակալ Մախսուդյանին, որը հիմա ընդդիմադիր ուժերից մեկում է հանգրվանել։ Նա կոչ է արել որդեկորույս մորը գնալ ու ընդդիմադիր հավաքների ժամանակ այդ հարցը բարձրացնել. «Հիմա դրանք դատվում են, ես հասկանում եմ ծնողների հուզմունքը, բայց ինչի՞ չեք գնում ընդդիմության հավաքներին, կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիվիստ է: Ես դրանց եմ ազատել ու վռնդել բանակից, որ իրանց պարտականությունները չեն կատարել»։

Source: https://news.am/hy/news/1035713