Նույնիսկ երեք տարեկան երեխաները կարող են մարդու ցանկություններն ու մտադրությունները հասկանալ միայն հայացքից։ Սակայն, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, նույն ազդանշանը գրեթե չի գործում, եթե երեխային նայում է հումանոիդ ռոբոտը։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են International Journal of Child-Computer Interaction ամսագրում, իրականացվել է Միլանի Սուրբ Սրտի Կաթոլիկ համալսարանի Անտոնելլա Մարկետիի ղեկավարությամբ՝ Ճապոնիայից և Իտալիայից գործընկերների հետ համատեղ։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են 3-ից 5 տարեկան երեխաները ընկալում մարդու և ռոբոտի հայացքը։ Փորձի ընթացքում երեխաներին ցույց էին տալիս մարդու կամ հումանոիդ ռոբոտի, որոնք նայում էին որոշակի առարկայի։ Այնուհետև հետազոտողները ստուգում էին, թե արդյոք երեխաները հասկանում են, որ այն առարկան, որի վրա ուղղված է հայացքը, կարող է լինել դիտորդի համար «նախընտրելի»։

Արդյունքները շատ խոսուն էին։ Երբ առարկային նայում էր մարդը, երեխաները ինքնաբերաբար ենթադրում էին, որ այդ առարկան նրան դուր է գալիս։ Այլ կերպ ասած՝ երեխան ընկալում էր հայացքը որպես իմաստավորված սոցիալական ազդանշան, կապված ցանկությունների և մտադրությունների հետ։

Սակայն ռոբոտի դեպքում ամեն ինչ այլ կերպ էր լինում։ Նույնիսկ եթե հումանոիդը մարդանման տեսք ուներ, երեխաները նրա հայացքին նույն նշանակությունը չէին վերագրում։ Մեքենայի հայացքն ինքնին երեխային չէր համոզում, որ ռոբոտն իսկապես ինչ-որ բան է նախընտրում կամ ինչ-որ բան ցանկանում է։

Միևնույն ժամանակ հետազոտությունը ցույց է տվել ևս մեկ հետաքրքիր մանրամասն․ ո՛չ մարդկային, ո՛չ էլ ռոբոտացված հայացքը գրեթե չէին ազդում երեխաների սեփական նախընտրությունների վրա։ Հայացքը օգնում էր հասկանալ մյուսին, բայց չէր ստիպում փոխել սեփական կարծիքը։

Անտոնելլա Մարկետտին ընդգծում է, որ արդյունքները չեն նշանակում, թե ռոբոտներն անօգուտ են ուսուցման կամ սոցիալական ոլորտում։ Ավելի շուտ, դրանք ցույց են տալիս, թե որքան բարդ է մարդկային հաղորդակցությունը։

Հետազոտողի խոսքով՝ մարդկային առանձին ազդանշանի միայն պատճենումը, օրինակ՝ աչքերի շարժումը, բավարար չէ, որպեսզի երեխան սկսի ռոբոտին ընկալել որպես լիարժեք հաղորդակցական գործընկեր։ Դրա համար անհրաժեշտ են փոխազդեցության ավելի բնական ձևեր՝ խոսք, ժեստեր, փոխադարձություն, համատեքստ և համատեղ ներկայության զգացում։

Հեղինակները կարծում են, որ այս եզրակացությունները հատկապես կարևոր են այսօր՝ արհեստական բանականության և սոցիալական ռոբոտների արագ զարգացման ֆոնին։ Ժամանակակից ԱԲ-ները կարողանում են խոսել, պատասխանել հարցերի և խորհուրդներ տալ, սակայն երեխաների համար հաղորդակցությունը միայն բառեր չեն։ Հսկայական դեր է խաղում կենդանի ներկայության և համատեղ փորձառության զգացումը։

Հետազոտությունը կարող է նաև կարևոր լինել աուտիզմի սպեկտրի խանգարումներով երեխաների հետ աշխատանքի համար։ Այս ոլորտում հայացքի և համատեղ կենտրոնացման նկատմամբ ուշադրությունը առանցքային դեր է խաղում սոցիալական հմտությունների զարգացման մեջ։

Գիտնականները հույս ունեն, որ այն բանի ըմբռնումը, թե ինչպես են երեխաները ընկալում ռոբոտների հայացքը, կօգնի ստեղծել ավելի արդյունավետ և բնական աջակցության ու վերականգնման տեխնոլոգիաներ։

Source: https://news.am/hy/news/1039300