Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում հակաօդային պաշտպանության ոլորտում խոշոր գործարքի շուրջ, ինչը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի կողմից ֆրանս-իտալական SAMP/T Mamba ՀՕՊ համակարգի գնման և համատեղ արտադրության համար, հայտնում է Intelligence Online-ը:
Հետախուզական և պաշտպանական թեմատիկայի մեջ մասնագիտացած փարիզյան պարբերականի տվյալներով՝ հնարավոր համաձայնագիրը կարող է ներառվել ՆԱՏՕ-ի՝ հուլիսին Անկարայում նախատեսված գագաթնաժողովի օրակարգում։
Նյութում նշվում է, որ Թուրքիայի տարածքում SAMP/T զենիթահրթիռային համալիրի համատեղ արտադրության ծրագրերը «իրական տեսք են ստանում» տարիներ տևած ձգձգումներից հետո, որոնք կապված էին եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելու Անկարայի փորձերի հետ:
SAMP/T-ն, որը մշակել են Eurosam կոնսորցիումի՝ ֆրանս-իտալական MBDA France, MBDA Italy և Thales համատեղ ձեռնարկությունը, նախատեսված է զորքերը և ռազմավարական օբյեկտները ինքնաթիռներից, թևավոր ու բալիստիկ հրթիռներից պաշտպանելու համար։
Այս համակարգը վաղուց դիտարկվում է որպես հնարավոր եվրոպական այլընտրանք Թուրքիայի համար՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերություններում ծագած ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2017 թվականին ռուսական С -400 զենիթահրթիռային համալիրների Անկարայի գնման պատճառով։
Վաշինգտոնը հեռացրել էր Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից՝ հայտարարելով, որ ռուսական համակարգը կարող է վտանգել ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաները։ Անկարան, իր հերթին, պնդում էր, որ ստիպված է եղել դիմել Ռուսաստանին, երբ չի կարողացել դաշնակիցներից ընդունելի պայմաններով համադրելի համակարգեր ստանալ։
2017 թվականին Թուրքիան, Ֆրանսիան և Իտալիան ստորագրել էին մտադրությունների հուշագիր ՀՕՊ ոլորտում համագործակցության խորացման, ներառյալ՝ SAMP/T նախագծի զարգացման վերաբերյալ։ Սակայն ավելի ուշ այն սառեցվել էր Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրական ծովի հարցերով և Ռուսաստանի հետ Թուրքիայի կապերի պատճառով Անկարայի և Փարիզի միջև ծագած քաղաքական տարաձայնությունների ֆոնին։
Այս հրապարակումը հայտնվել է «Պողպատե գմբեթ» կոչվող բազմամակարդակ ՀՕՊ համակարգ ստեղծելու Թուրքիայի ջանքերի ֆոնին, որը պետք է միավորի ազգային մշակումները հնարավոր օտարերկրյա հարթակների հետ։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիան արդեն բանակցություններ է վարել Իտալիայի հետ SAMP/T-ի գնման և համատեղ արտադրության շուրջ։ Intelligence Online-ի վերջին տվյալները մատնանշում են, որ Ֆրանսիան կրկին կենտրոնական տեղ է զբաղեցնում նախագծի քննարկումներում։
Բանակցությունները շարունակվում են, չնայած նրան, որ Ֆրանսիան վերջին շրջանում աջակցություն է ցուցաբերել Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդներին, դրանց թվում՝ թարմացնելով Հունաստանի հետ պաշտպանական համաձայնագիրը և քաղաքական աջակցություն հայտնելով Հայաստանին։
Այդուհանդերձ, SAMP/T-ի վերաբերյալ հնարավոր գործարքի քննարկումը, ինչպես նաև թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar և ֆրանսիական Safran ընկերությունների միջև նոր նախագծերը մատնանշում են մերձեցման զուգահեռ գործընթացի մասին։ Այն տեղի է ունենում Եվրոպայում սպառազինության պակասի, Ուկրաինայում ընթացող պատերազմի, Մերձավոր Արևելքում տիրող անկայունության և Եվրոպայի համար ԱՄՆ-ի անվտանգության ապագա երաշխիքների շուրջ անորոշության ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1036369
Armenia
Էրդողանն ու Մակրոնը բանակցություններ են վարում հակահրթիռային պաշտպանության ոլորտում խոշոր գործարքի շուրջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։