ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը «շատ բարդ է», ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այստեղ շատ սերտորեն միահյուսված են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցերը։ Այս ամենն ազդում է նաև նախընտրական քարոզարշավի վրա, որն այսօր ընթանում է Հայաստանում։ Այնտեղ կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանման օգտին։ Կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի Եվրոպական միություն։ Մեր հերթին, բնականաբար, մենք ցանկանում ենք Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում»,- ընդգծել է նա։

«Միևնույն ժամանակ, մենք հանդես ենք գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին,- շարունակել է փոխվարչապետը։ - Եվ փաստացիորեն Ռուսաստանի ջանքերն ի սկզբանե հանգեցրին նրան, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են ձևավորվում։ Մենք գիտենք, որ արդեն ընթանում է պատվիրակությունների փոխանակում, սկսվել է առևտուրը երկու երկրների միջև։ Դա բացարձակապես բնականոն գործընթաց է, և այն չի կարող մեզ չուրախացնել։ Տեղի է ունեցել Հայաստանի մասնակի տրանսպորտային ապաշրջափակում։ Այսօր ռուսական հացահատիկը, ռուսական պարարտանյութերը երկաթգծով՝ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով, մտնում են Հայաստան։ Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին։ Այդ ամենն ամրապնդում է Հայաստանը։ Սակայն դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրոպական միության հետ մերձեցման օգտին։ Այնտեղ անցյալ տարվա ապրիլին օրենք է ընդունվել։ Այդ օրենքը միանշանակ մատնանշում է Եվրամիությանը միանալու ձգտումը»։

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում՝ ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- նշել է նա։

Օվերչուկի բնորոծմամբ՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որոնք այժմ ունի։ «Հայերը մեզ մերձավոր ժողովուրդ են, և մեզ համար միևնույն չէ, թե ինչպես են նրանք ապրում և ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսության վիճակը։ Մենք, ընդհակառակը, ամեն կերպ նպաստում ենք այնտեղ տնտեսության բարգավաճմանը։ Բայց եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, ապա մեզ մոտ, բնականաբար, հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ պետք է մենք դա աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական երկրներին, ապա ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք։ Համաձայնեք, որ մի բան է, եթե Հայաստանը մեր միության կազմում է, և բոլորովին այլ բան, եթե Հայաստանը գնում է մեզ համար ոչ բարեկամական երկրների միության հետ մերձեցման։ Մենք հայկական կողմից լսում ենք, որ նրանք ձգտում են դեպի ԵՄ և անցնում են նրանց ստանդարտներին, բայց միևնույն ժամանակ ցանկանում են առայժմ մնալ ԵԱՏՄ-ում և օգտվել տնտեսական բոլոր արտոնություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Ավելի լավ կլինի, եթե Հայաստանում ավելի արագ կողմնորոշվեն. դա ավելի ազնիվ կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի հանդեպ։ Բացի դրանից, այդ անորոշությունը ստիպում է տնտեսվարողներին սպասողական դիրք գրավել և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերություններ կառուցելուն։ Սակայն, ընդգծում եմ, մենք ուզում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, իսկ ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է»,- շարունակել է փոխվարչապետը։

Source: https://news.am/hy/news/1036676