Այս օրերին հաճախ է խոսվում ձայների փոշիացման մասին, այդ թեզի կեղծ կամ իրական լինելու մասին, հատկապես ԿԸՀ-ի հրապարակած տեսանյութից հետո. եկեք գործնական օրինակում համոզվենք, կա այդպիսի բան, թե ոչ։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ԱԺ–ն պետք է ունենա նվազագույնը 101 պատգամավոր։ Սա նշանակում է, որ ընտրությունների ժամանակ անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև պետք է բաշխվի 101 մանդատ։
Եկեք մի պարզ վարժության օրինակով ցույց տամ, ինչ է նշանակում փոշիացում և ինչպես են բաշխվում մանդատները։ Ենթադրենք ԱԺ ընտրություններին մասնակցում է 100 մարդ, և այդ 100 մարդուց 40-ը իր ձայնը տվել է առաջին ուժին։ Եերկրորդ ուժին այդ 100 մարդուց իր ձայնը տվել է 20 մարդ և ևս 10 ձայն գնացել է երրորդ ուժին: Ենթադրենք՝ երեք ուժ է հաղթահարել անցողիկ շեմը:
Ի՞նչ է լինում մնացած 30 ձայնի հետ, որոնք տրվել են փոքր կուսակցություններին, և որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը։ Եթե ձայների փոշիացման թեզը կեղծ լիներ այս 30 ձայնը, որը ոչ մեկի չի տրվել չի բաշխվել, որը մեր դեպքում 16 կուսակցությունների ձայներն են, մի տեղ պիտի մնար և չպետք է մասնակցեր ոչ ձայների բաշխմանը ոչ մանդատների բաշխմանը բայց դա այդպես չէ։
Մանդատների բաշխման պրոցեսում այս 30 ձայնը ոչ մի տեղ չի անհետանում։ Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված մանդատների բաշխման բանաձևով, այս 70-ը հաշվարկի պրոցեսում դառնում է 100։ Եթե ճիշտ լիներ այս թեզը, ապա Ազգային ժողովը պետք է ունենար 70 մանդատ և ոչ թե 101 մանդատ, 70 պատգամավոր պիտի լինել։
Ընդ որում, այս 30-ը բաշխվում է շեմը հաղթահարած ուժերի միջև ոչ հավասարապես, բաշխվում է անհամաչափ։ 40 ձայն ստացածը ստանում է ահռելի տոկոս, բանաձևի համաձայն շուրջ 18 ձայն։ Մոտ 9 մանդատ ստանում է երկրորդ ուժը և չորս մանդատ էլ ստանում է երրորդ ուժը։
Այս ամենի արդյունքում բանաձևի հաշվարկով առաջին ուժը ստանում է 58 մանդատ, երկրորդ ուժը՝ 29 և երրորդ ուժը՝ 14 մանդատ։ Սա է իրականությունը, սա է ձայների փոշիացումը, երբ այն ուժերը, որոնք չեն մասնակցում հաշվարկին, փաստացի իրենց ձայները տարալուծում են այն ուժերի միջև, որոնք անցել են խորհրդարան՝ ամենաշատը տալով հենց նրան, ով զբաղեցրել է առաջին տեղը։ Իսկ եթե խոշորանային, պատկերն այլ կլիներ»,– ընդգծել է Հովհաննիսյանը։
Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է արել իր էջում, որտեղ նշել է.
1. Ամենամեծ «փոշիացումը» տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը չի մասնակցում ընտրություններին։ Երբ չես գնում ընտրություններին, քո փոխարեն ուրիշն է «քվեարկում»։ Ոչ բառացի, այլ՝ մաթեմատիկորեն։ Քո տեղն արձանագրությունում դատարկ է մնում, բայց ոչ մի դատարկ տեղ առանց հետևանքի չի մնում։ Մանդատների բաշխման համակարգն այնպես է կառուցված,( ինչպես բազմաթիվ երկրներում), որ յուրաքանչյուր չքվեարկած ձայն ավտոմատ կերպով նպաստում է ընտրություններին մասնակցող մյուս ուժերին, հատկապես՝ առավել շատ ձայն հավաքածներին։
Այսինքն՝ դու ոչ թե ձեռնպահ ես մնում, այլ քո փոխարեն ընտրությունը կատարում են նրանք, ովքեր գնացել և քվեարկել են։ Իմ բերած օրինակի 40 ձայն տվողները որոշում են նաև հազարավոր չմասնակցածների փոխարեն:
2. Ես օրինակը ներկայացրել էի 3 ուժի մասնակցությամբ զուտ բացատրության պարզության համար, ոչ թե որպես հավանական քաղաքական սցենար։ Անկախ նրանից քանի կուսակցություն է շեմը հաղթահարու բանաձևը մնում է նույնը: Կարծում եմ ՀՀ-ում անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն ունեն երեքից ավել քաղաքական ուժեր։ Հետևաբար` պետք է կարողանալ ճիշտ բաշխել քաղաքական նախընտրությունները:
Եթե ձեր ձայնը իշխանական չէ, բայց որևէ կերպ չեք ուզում ընտրել նաև ֆավորիտ այս կամ այն ուժերից մեկին, ապա անգամ այդ դեպքում , միևնույն է, գնացեք ընտրության: Կան ուժեր, որոնք կարող են հաղթահարել շեմը: Տեղեկատվությունը դաշտում լիուլի է,կարող եք ուշադիր լինել, կողմնորոշվել ու ընտրել: Բայց ընտրության գնալը պարտադիր է:
3. Երեկ բացատրածս բանաձևը Սահմանադրության կայուն մեծամասնության սկզբունքի հետ կապ չունի: Բավական է միստիկ դեմքով ասել - իսկ ե՞րբ ընդունվեց այդ Սահմանադրությունը: Դա մանդատների բաշխման բանաձև է, որը Հայաստանում նոր չէ․ տարբեր ձևերով կիրառվել է` 1995 թվականից սկսած»։
Source: https://news.am/hy/news/1036207
Armenia
Ձայների փոշիացում. Ինչ մեխանիզմով է դա տեղի ունենում և ով է դրանից շահում. Ներկայացրել է Արփինե Հովհաննիսյանը (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։