«Անկախ դիտորդ» դաշինքն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հայտարարություններին՝ նշելով, որ անթույլատրելի է իրենց և իրենց ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին թիրախավորելը։

Դաշինքի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Անկախ դիտորդ» դաշինքը անկողմնակալ է ընտրական սուբյեկտների նկատմամբ, սակայն չեզոք և անտարբեր չէ ընտրախախտումների և ժողովրդավարության սպառնալիքների նկատմամբ։

Անկախ դիտորդը բարձրաձայնում և իրավական հետևանքներ է պահանջում բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնց մասին վկայություններ է ստանում մեկից ավելի աղբյուրից։ Բարձրաձայնման, հաղորդումների և հայտարարությունների նպատակն այդ դեպքերի ամբողջական քննությունն է և նմանատիպ դեպքերի կանխումը։ Բնական է, որ ընտրական գործընթացի առանձին սուբյեկտների Անկախ դիտորդի գնահատականների ընկալումը պայմանավորված է սեփական քաղաքական շահերով և կողմնապահությամբ, սակայն Անկախ դիտորդի և իր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ մեղադրանքների, ճնշումների և գրաքննության փորձն անընդունելի է։

Անկախ դիտորդը կոչ է անում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Դանիել Իոաննիսյանի կողմից հնչեցրած հարցի հիման վրա նրա անաչառությունը կասկածի տակ դնելու փոխարեն նպաստել իրականության բացահայտմանը։

Անկախ դիտորդ դաշինքը հորդորում է Միասնության թևեր կուսակցության ղեկավար Արման Թաթոյանին չնենգափոխել իր քաղաքական ուժի ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ հարցապնդումները։ Դոսյե կենտրոնը համարվում է վստահելի հետաքննական աղբյուր, որի կողմից նշված փաստական հանգամանքները Անկախ դիտորդ դաշինքը համարում է արժանահավատ և ստուգման ենթակա։ Անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դիտորդական չեզոքությունը խախտելու մեջ հանիրավի մեղադրելու փոխարեն հորդորում ենք Արման Թաթոյանին բացահայտել իր ուժի ֆինանսավորման աղբյուրները և ապացուցել, որ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։

Հաստատակամորեն շարունակելու ենք ընտրախախտումների, ժողովրդավարական հիմնարար ինստիտուտի՝ ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը խարխլող ցանկացած դրսևորման կանխարգելման և բացահայտման ջանքեր գործադրելը։

Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքների պաշտպանությանը անկախ նրանից, թե որ առանձին քաղաքական միավորի ապօրինի շահերին է դա վնասում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ և Էդմոն Մարուքյանը, և Արման Թաթոյանը հանդես են եկել հայտարարություններով՝ նշելով, որ դատի են տալու Դանիել Իոաննիսյանին։

«Լուսավոր Հայաստանը» դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով

Արման Թաթոյանը դատի է տալիս Դանիել Իոաննիսյանին և Հանրային հեռուստաընկերությանը

Source: https://news.am/hy/news/1039127