Մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ շատ փոխկապակցված է, ներմուծումների ու արտահանումների մոտավորապես 39-40 %-ը Ռուսաստանի հետ է։ Կապակցված ենք նաև էներգետիկայի, տուրիզմի առումով։ Այդ կախվածությունն ամենաշատը խորացել է վերջին 6-7 տարիների ընթացքում։

Այս մասին Սյունիքում ընթացող քարոզարշավի ժամանակ ասել է «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Դավիթ Անանյանը։

«Կարող ես հարցեր առաջ քաշել Ռուսաստանի առաջ, բայց թշնամանալ, միանգամից խռովկան հարսի նման թողնես-գնաս, չի կարելի։ Մենք պետք է խորացնենք հարաբերությունները Եվրոպայի առանձին երկրների հետ, հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, օրինակ՝ Ֆրանսիա, Հունաստան»,- ասել է Անանյանը։

Պատգամավորի թեկնածուն նշել է, որ նոր շուկաներ գրավելու համար անհրաժեշտ է տնտեսական ապրանքները հարմարեցնել եվրոպական չափանիշներին։ Դավիթ Անանյանը համոզմունք է հայտնել, որ այդ ծրագիրը լիովին իրատեսական է, պարզապես անհրաժեշտ են բանիմաց մարդիկ։

Source: https://news.am/hy/news/1039638