ՀՀ-ում Չեխիայի դեսպանության տեղեկություններով՝ չեխական «Balus Tech» ընկերության կողմից Հայաստանում, մասնավորապես՝ Ստեփանավան քաղաքում փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնելու վերաբերյալ վերջնական պարտավորեցնող համաձայնագրեր դեռևս չեն կնքվել։ Այս մասին Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին ուղղված NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Չեխիայի դեսպանությունից:

Չեխիայի դիվանագիտական առաքելությունից հիշեցրել են, որ նախագծի վերաբերյալ չեխական կողմի նախաձեռնությունը սկսվել է դեռևս 2018 թվականին։ Ըստ դեսպանության՝ դրա նպատակն ի սկզբանե եղել է չեխ-հայկական տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը, մասնավորապես՝ թեթև ավիացիայի, սպորտային օդանավերի արտադրության և հարակից տեխնիկական կարողությունների ոլորտում։

«Ստեփանավանի հետ կապված հանրայնորեն հիշատակված նախագիծը չի չեղարկվել։ Ծրագիրը հիմնված էր Հայաստանում թեթև օդանավերի և սպորտային թռչող սարքերի արտադրական կամ հավաքման բազա աստիճանաբար հիմնելու դիտարկման վրա։ Չեխական կողմից այս ջանքերը հենվում են Չեխիայի Հանրապետությունում ավիացիոն արտադրության հետ կապված նոու-հաուի (know-how) և արտադրական փորձի վրա»,- նշել են դեսպանությունից:

Հարցին, թե մինչ օրս ի՞նչ քայլեր և գործողություններ են ձեռնարկվել այս ծրագրի իրականացման ուղղությամբ, դեսպանությունից պատասխանել են, որ շարունակվել են խորհրդակցություններն ու քննարկումները՝ ուղղված համապատասխան վայրի ընտրությանը, տեխնիկական և արտադրական նախապայմանների գնահատմանը, հայաստանյան գործընկերների ներգրավվածության հստակեցմանը, ինչպես նաև հնարավոր արտադրական կամ հավաքման գործունեության մեկնարկի համար անհրաժեշտ գործնական պայմանների գնահատմանը։ Այս նախագիծն ի սկզբանե մտահղացվել է որպես աստիճանական և երկարաժամկետ գործընթաց, այլ ոչ թե արտադրության արագ մեկնարկ։

«Այս մտադրության հետ կապված՝ բավականին խոստումնալից հիմքերի վրա է զարգանում Չեխիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և Երևանի ավիացիոն ուսումնական կենտրոնի միջև ավիացիոն անձնակազմի վերապատրաստման ոլորտում համագործակցության հարակից ծրագիրը։ Այս նախագիծը հիմնականում ուղղված է հենց Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան օդաչուների և ավիացիոն տեխնիկների պատրաստմանը։ Սա շատ կարևոր բաղադրիչ է, որը սերտորեն կապված է ավելի լայն նախաձեռնության հետ, քանի որ այն ստեղծում է մասնագիտական կադրային բազա, ինչն էական կլինի Ստեփանավանում օդանավերի արտադրության ցանկացած ապագա հաջող մեկնարկի համար»,- ասված է դեսպանության պատասխանում:

Հարցին, թե ներկա փուլում որքանո՞վ է կենսունակ այս ծրագիրը և արդյո՞ք այն դեռևս դիտարկվում է որպես ակտիվ նախաձեռնություն, դեսպանությունից պատասխանել են, որ թեև նախագիծը չի չեղարկվել, սակայն դրա իրագործումը կախված է նաև տարածաշրջանային ավելի լայն պայմաններից։ Դեսպանությունից միաժամանակ նշել են ծրագրի կյանքի կոչմանը խոչընդոտող գործոնները:

«Նածագծի հետագա զարգացման վրա ազդել են Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո տեղի ունեցած զգալի աշխարհաքաղաքական ու տնտեսական փոփոխությունները, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանային համատեքստը։ Այս գործոններն ազդում են նախաձեռնության գործնական իրագործելիության, ֆինանսավորման, լոգիստիկայի և ժամկետների վրա։ Այդ իսկ պատճառով, ծրագիրն այժմ գտնվում է հետագա գնահատման և շարունակության իրատեսական մոդելի որոնման փուլում, այլ ոչ թե արտադրության անմիջական մեկնարկի փուլում։

Այս նախագիծը չեխ-հայկական երկարաժամկետ տնտեսական և կրթական համագործակցության ծրագիր է, որի իրականացումը կախված է նաև տարածաշրջանի ավելի լայն պայմաններից, կարգավորող միջավայրից, տնտեսական կենսունակությունից և որակյալ անձնակազմի առկայությունից»,- պարզաբանել են դեսպանությունից:

Հիշեցնենք, որ մինչև 2023 թվականն այս նախագիծը բազմիցս քննարկվել է բարձր մակարդակով՝ ներառյալ Հայաստանի և Չեխիայի վարչապետների ու պաշտոնական պատվիրակությունների միջև հանդիպումների ընթացքում:

Հատկանշական է, որ նախագծի վերաբերյալ NEWS.am-ը դեռ նախորդ ամիս հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից փոխնախարար Արմեն Սիմոնյանը փոխանցել էր՝ չեխական կողմը մինչ օրս Ստեփանավանում փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնելու որևէ հստակ ծրագիր չի ներկայացրել:

Source: https://news.am/hy/news/1035663