Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված քայլերն ու որոշումները հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, ինչը հղի է մեծ խնդիրներով։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտմանը: Եվ սա, թերևս, ամենամեծ կորուստն է, որը հնարավոր է Հայաստանում՝ միասնության կորուստը»,- շաբաթ օրն իր X ալիքում գրել է Վոլոդինը՝ մեկնաբանելով այն հարցը, թե «ինչպես կարող են անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները Հայաստանի համար»։

ՌԴ Պետդումայի նախագահը նշել է, որ հենց «բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»։

«Եվ այստեղ դարձյալ ակամա զուգահեռներ են առաջանում Ուկրաինայի և այնտեղ 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Կարելի է հիշել նաև Մերձբալթյան երկրները, որոնք ձգտում էին դառնալ Եվրոպական միության մաս, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, նրանք դրանից ավելի երջանիկ չդարձան»,- գրել է Վոլոդինը։

Բացի այդ, նա թվեր է ներկայացրել, որոնք, նրա խոսքով, «խոսում են իրենք իրենց փոխարեն»։

Այսպիսով՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների ֆոնին, «մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45,4%-ով, և այս բացասական միտումը պահպանվում է»,- նշել է նա։ Վոլոդինի պնդմամբ՝ «Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնես հիմնած Ռուսաստանի քաղաքացիները սկսել են փակել ձեռնարկությունները և հեռանալ, ինչը կապված է ստեղծված անորոշության և ապագայում հնարավոր խնդիրների հետ»։

«Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է երկրին արժենալ ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ, ինչը կազմում է առնվազն 5 միլիարդ դոլար»,- նշել է Պետդումայի նախագահը։ Նրա կարծիքով՝ «սա միայն այն է, ինչ երևում է արտաքինից»։

«Կորուստներն ավելի շատ կլինեն, և դրանցից ոչ բոլորն են առնչվում ֆինանսներին։ Արդեն իսկ տեսնում ենք պատմությունը վերախմբագրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին պարտադրվում են արևմտյան լիբերալ արժեքներ, ընթանում են եկեղեցու դեմ հալածանքներ»,- հավելել է Վոլոդինը։

«Ուղու ընտրությունն առաջին հերթին ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրություն է։ Ինչպիսի պաշտոն էլ զբաղեցնի քաղաքական գործիչը, նա պետք է առաջնորդվի հենց դրանով»,- գրել է ՌԴ Պետդումայի նախագահը։

Source: https://news.am/hy/news/1035865