Հունաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա հետախուզական ծառայությանն աջակցելու համար, որը «ենթադրաբար կապված է Իրանի հետ, Լոնդոնում տեղակայված Iran International հեռուստաալիքի լրագրողի հետապնդման գործի շրջանակում», հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բրիտանական ոստիկանությանը:

Հակաահաբեկչական ստորաբաժանումը հայտարարել է, որ Մյունխենում բնակվող 46-ամյա Իոաննիս Այդիննիդիսը ձերբակալվել է մայիսի 15-ին և այնուհետև մեղադրանք է ստացել ըստ Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության մասին օրենքի:

Քննության տվյալներով՝ մեղադրանքները կապված են այնպիսի գործունեության հետ, որը ենթադրաբար ուղղված է եղել ի շահ Իրանի, ինչպես նաև Թեհրանի իշխանություններին քննադատող Iran International լրատվամիջոցում աշխատող լրագրողի վրա ազդեցություն գործելու փորձերի հետ: Սպառնալիքների բնույթի վերաբերյալ մանրամասներ չեն բացահայտվում:

Ոստիկանությունում ընդգծել են, որ չեն կարծում, թե բնակչության համար ավելի լայն սպառնալիք գոյություն ունի։ Լոնդոնի հակաահաբեկչական ոստիկանության ներկայացուցիչ Հելեն Ֆլենագանը նշել է, որ իրավապահ մարմինները համագործակցում են հետաքննությանն առնչվող կազմակերպությունների և առանձին անձանց հետ՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Ավելի վաղ՝ ապրիլին, երեք հոգու մեղադրանք էր առաջադրվել հյուսիսարևմտյան Լոնդոնում Iran International-ին առնչվող օբյեկտի հրկիզման փորձի համար: Հրդեհն այն ժամանակ վնասների կամ տուժածների չէր հանգեցրել:

Բրիտանական իշխանությունները միաժամանակ ստուգում են այս միջադեպերի հնարավոր կապը Լոնդոնում տեղի ունեցած մի շարք այլ հրկիզումների, դրանց թվում՝ հրեական հաստատությունների վրա հարձակումների հետ: Հարձակումների մի մասի պատասխանատվությունը նախկինում ստանձնել էր իրանամետ «Ասհաբ ալ-Յամին ալ-Իսլամիա» խմբավորումը:

Source: https://news.am/hy/news/1039447