Հայաստանում տարեկան գնաճը մայիսին գնահատվում է շուրջ 4%։ Այս մասին մայիսի 18-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2026 թվականի առաջին եռամսյակում առկա մարտահրավերների և հաստատված դրամավարկային քաղաքականության մասին զեկույցը։
«Անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ մայիսին 12-ամսյա գնաճը գնահատվում է շուրջ 4%, իսկ միջնաժամկետ հեռանկարում այն կնվազի մինչև թիրախային ցուցանիշը (3% - խմբ.)»,- ասել է Գալստյանը։
Նրա խոստովանությամբ՝ ներկայիս ցուցանիշները սպասվածից բարձր են եղել։ Այդուհանդերձ, դա պայմանավորված է համաշխարհային գործընթացներով։ «Մենք չենք կարող կտրված մնալ աշխարհից։ Աշխարհում տիրող գնաճային իրավիճակը, բնականաբար, ազդում է նաև Հայաստանի վրա։ Եվ Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրն այս պահին հասկանալն է՝ արդյոք գնաճը, որը մեզ մոտ այժմ 5,3% մակարդակում է (ապրիլի տվյալներով – խմբ․) և շարունակում է դեպի վեր բարձրանալ, պայմանավորված է միայն պահանջարկի գործոնով, թե՞ այլ պատճառներ էլ կան… Մենք պետք է հասկանանք՝ արդյոք անհրաժեշտ է որևէ կերպ արձագանքել»,- նշել է ԿԲ նախագահը։
Գալստյանի խոսքով՝ երկրում զգալիորեն աճել է մսի գինը, ինչը պայմանավորված է ներքին իրավիճակով։ Միևնույն ժամանակ, բենզինի թանկացումը կապված է միջազգային իրավիճակի հետ։ «Ընդհանուր առմամբ, ծառայությունների ոլորտում գնաճը կապված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնների հետ»,- եզրափակել է Կենտրոնական բանկի նախագահը։
Source: https://news.am/hy/news/1036230
Armenia
Այսօրվա դրությամբ Հայաստանում գնաճը կազմում է 5,3%, իսկ տարեկան ցուցանիշը տատանվում է 4%-ի սահմաններում․ ԿԲ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։