Հայաստանի ներկայիս իշխանությունները սադրիչների իշխանություն են՝ սադրիչի գլխավորությամբ։ Այս մասին Պռոշյանի բնակիչների հետ հանդիպմանն հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Մի ժամանակահատվածում ենք գտնվում, երբ բոլորը գալու են, բոլորը խոստումներ են տալու, բոլորը քարոզելու են, որ իրենք այն թեկնածուն են, որին պետք է տաք ձեր քվեները։ Բայց ընտրություններում ընկած է մի պարզ տրամաբանություն, հատկապես գործող իշխանության համար։ Անցած ընտրություններին դու ինչ ես խոստացել և ինչ ես արել։ Վերցրե՛ք «ՔՊ»-ի 2021 թվականի ծրագիրը՝ ինչ են խոստացել և ինչ են արել. 180 աստիճանով հակառակը։ Եվ ես զարմանում եմ, թե ինչ երեսով են մարդամեջ դուրս գալիս և ժողովրդի քվեն խնդրում։ Եթե կարող ես խոստանալ մեկ բան, անել հակառակը ու նորից ընտրվել, ուրեմն ընտրություններն անիմաստ են, ընտրությունների ամբողջ տրամաբանությունը խախտվում է»,- ընդգծել է Քոչարյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ իր աշխատանքի գնահատականն այն վիճակն է, որում երկիրը գտնվում էր իր պաշտոնավարման մեկնարկին, և այն վիճակը, որում մնաց իր հեռանալու պահին։
Ելույթի ընթացքում հավաքված բազմության միջից պարբերաբար բացականչություններ են հնչել։ Քոչարյանը կոչ է արել հանգիստ վերաբերվել սադրիչներին՝ նրանց անվանելով իշխանությունների կողմից իրականացվող թրաֆիքինգի զոհեր։
«Գալու են, փորձելու են մեզ շեղել մեր ճանապարհից։ Այս իշխանությունը ոտքից գլուխ սադրիչների իշխանություն է՝ սադրիչի գլխավորությամբ։ Այս մարդը սադրեց 44-օրյա պատերազմը, ձախողեց բանակցային գործընթացը և պարտվեց այդ պատերազմում, իսկ հիմա ասում է՝ էն ժամանակ ուրիշ ձև էի մտածում, իսկ հիմա՝ ուրիշ», - նշել է Քոչարյանը։ Խոսելով իր անցած ուղու մասին՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ նախագահի պաշտոնում իր 10 տարվա ընթացքում չի եղել որևէ դեպք, որ ինքը չկատարի իր տված խոսքը։ «Ձայն տվեք մեզ և չեք փոշմանի։ Ով քվեարկում է Նիկոլի համար՝ քվեարկում է Ալիևի համար։ Այս մարդու պուլտը Ալիևի ձեռքին է։ Այս մարդն Ալիևի տուզիկն է»,- նշել է Քոչարյանը։
Պատասխանելով համայնքի բնակչուհու հարցին՝ քաղաքական գործիչը նշել է, որ իրեն չի տեսնում պատգամավորի դերում, քանի որ գործադիր իշխանության մարդ է։ «Չգուշակենք, թե ինչ կլինի։ Մենք պայքարում ենք հաղթանակի համար»,- հավելել է Քոչարյանը։ Մեկնաբանելով սերնդափոխության անհրաժեշտության մասին դիտարկումը՝ Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ ինքը շատ ուրախ կլիներ դրա համար, սակայն հարցումները ցույց են տալիս, թե որ առաջնորդի դեպքում դաշինքն ունի հաղթելու ավելի մեծ շանսեր։
Source: https://news.am/hy/news/1036952
Armenia
Այս մարդու պուլտը Ալիեւի ձեռքում է, այս մարդն Ալիեւի տուզիկն է. Ռոբերտ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։