Ավստրիայի Բրեններ ավտոմայրուղին՝ Գերմանիայի և Իտալիայի միջև Ալպերով անցնող հիմնական տրանսպորտային միջանցքներից մեկը, շաբաթ օրն ամբողջությամբ փակվել է՝ բեռնափոխադրումների և զբոսաշրջային տրանսպորտի աճող հոսքի դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիայի շրջանակում։
Reuters-ի տվյալներով՝ ակցիային մասնակցել է մոտ 3 հազար մարդ։ Բողոքը կազմակերպել էր Գրիս-ամ-Բրեններ համայնքի քաղաքապետ Կառլ Մյուլշտայգերը։
Մասնակիցները հանդես են եկել Վիպտալ հովտում, որով անցնում է դեպի Բրենների լեռնանցք տանող ավտոմայրուղին, մշտական տրանսպորտային խցանումների, աղմուկի և շրջակա միջավայրի աղտոտման դեմ։
Ակցիան անցկացնելու համար ոստիկանությունը նախապես փակել էր մայրուղու երկու մուտքերը։ Խորհրդանշական շրջափակումը տևել է մոտ ութ ժամ։ Չնայած իշխանությունների մտահոգություններին՝ լուրջ տրանսպորտային կոլապսից հաջողվել է խուսափել, քանի որ վարորդներին նախապես զգուշացրել էին փակման մասին, և շատերը փոխել էին իրենց երթուղիները։
Միաժամանակ, փակվել էր նաև զուգահեռ տարածաշրջանային ճանապարհը, որով թույլատրվել էր երթևեկել միայն տեղացիներին և ծառայողական տրանսպորտին։ Երթուղու երկաթուղային հաղորդակցությունը շարունակել է գործել, սակայն տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գնացքները գերբեռնված էին։
Բրենների լեռնանցքով ինտենսիվ տարանցիկ երթևեկության խնդիրն արդեն երկար տարիներ մնում է վեճերի առարկա Ավստրիայի և Գերմանիայի միջև։ Ավստրիական Տիրոլի իշխանությունները բազմիցս սահմանափակումներ են մտցրել բեռնատար տրանսպորտի համար, ինչը դժգոհություն է առաջացրել գերմանական կողմում։
Լրացուցիչ բարդություններ են առաջացել նաև Իտալիայում։ Շաբաթ գիշեր անհայտ անձինք հրկիզել են Վերոնա — Բրեններ երկաթգծի երթևեկության կառավարման համակարգի սարքավորումները Պերի և Դոլչե քաղաքների շրջանում։ Դրա պատճառով գնացքների շարժը խափանվել է։ Քննիչները դիտարկում են արմատական բնապահպանական կամ անարխիստական խմբավորումների հնարավոր առնչությունը։
Source: https://news.am/hy/news/1039664
World
Ավստրիայի հազարավոր բնակիչներ փակել են ռազմավարական մայրուղին Գերմանիայի և Իտալիայի միջև
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։