Արևմուտքը հույս ունի արգելափակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացները և ներսից պառակտել Համագործակցության երկրները, հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Նա այս մասին խոսել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՄՀԾԽ) 58-րդ նիստին ունեցած իր ելույթում։

«Արևմուտքն ակնկալում է արգելափակել ինտեգրացիոն գործընթացները, ներսից խարխլել ԱՊՀ երկրների հիմքերը, ստիպել ժողովուրդներին մոռանալ ընդհանուր պատմությունը, թշնամացնել նրանց միմյանց հետ և այստեղ իր գերիշխանությունը հաստատել»,- ասել է Բորտնիկովը։

ԱԴԾ տնօրենն ընդգծել է, որ հենց այդ պատճառով էլ չափազանց կարևոր է օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը և համատեղ պաշտպանել ԱՊՀ պետությունների շահերը, քանի որ այդ երկրները միմյանց հետ փոխկապակցված են անհամեմատ ավելի ամուր, քան ցանկացած արտաքին խաղացողի հետ ունեցած հարաբերությունների շրջանակում:

Source: https://news.am/hy/news/1038366