Արևմուտքը ուշադրություն չի դարձնում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության դեմ Փաշինյանի գործած հարձակումներին։ Այդ մասին դատողություններ է անում ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը՝ վերլուծելով երկրում տիրող քաղաքական մթնոլորտը կարևորագույն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Ըստ հրապարակված նյութի՝ Հունգարիայում ընդդիմության վերջերս տարած հաղթանակից հետո հենց Հայաստանն է դառնում ավտոկրատիայի և ժողովրդավարության միջև համաշխարհային պայքարի հաջորդ թատերաբեմը։ Սակայն Երևանում այս հակամարտության ուրվագծերն այլ տեսք ունեն։ Առաջիկա քվեարկությունը կդառնա առանցքային փորձություն, որը ցույց կտա՝ արդյոք հետխորհրդային հանրապետության գործող ղեկավարությունը թույլ կտա պահպանել զարգացման ժողովրդավարական ուղին։

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, այս իրավիճակում արմատապես սխալ մոտեցում է ցուցաբերում։ Փոխանակ պնդելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը, Վաշինգտոնն անվերապահորեն աջակցում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ավելի ու ավելի ակտիվորեն է փորձում ընտրական դաշտը թեքել հօգուտ իրեն։ Էլ ավելի մեծ հուսահատություն են առաջացնում եվրոպական կառավարությունները. նրանք փաստացիորեն աչք են փակում ժողովրդավարական գործընթացների ոտնահարման վրա՝ տարածաշրջանում ռուսական ազդեցությանը հակազդելու համար։

Պարբերականը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել 2018 թվականին «Թավշյա հեղափոխություն» կոչված ալիքի վրա՝ խոստանալով ժողովրդավարական նորացում և Արևմուտքի հետ կապերի խորացում։ Ընդսմին, այսօր նրա քաղաքական հեռանկարները անորոշ տեսք ունեն։ Հասարակական կարծիքի հարցումները կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կանխատեսում են ձայների միայն 20%-ից մինչև 30%-ը, ընդ որում՝ ընտրողների գրեթե մեկ երրորդը դեռևս չի կողմնորոշվել իր ընտրության հարցում։ Բարձր մրցակցության պայմաններում, երբ ընտրապայքարին մասնակցում է 17 կուսակցություն և երկու դաշինք, ընդդիմությունը իրական երկրորդ փուլում միավորվելու և Փաշինյանին պարտության մատնելու հնարավորություն ունի։

Գործող իշխանության գլխավոր մրցակիցն է հանդես գալիս վերջերս ստեղծված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Այս ուժը ընդունված է համարել ավելի բարյացակամ Կրեմլի նկատմամբ, սակայն ընդդիմության շարքերում կան նաև արևմտամետ թեկնածուներ։ Փորձելով կանխել պարտությունը՝ Փաշինյանը գործի է դնում դասական մեթոդներ «ավտոկրատիկ արսենալից». կառավարությունը նախաձեռնում է ընդդիմադիրների ձերբակալություններ, բերման է ենթարկում քննադատաբար տրամադրված լրագրողներին, խարխլում է դատական համակարգի անկախությունը և աննախադեպ միջամտություն է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու գործերին։

Գործող վարչապետն արդեն ամբողջությամբ գերիշխում է Հայաստանի պետական լրատվամիջոցների քաղաքական եթերում և ավելի ու ավելի հաճախ է օգտագործում վարչական ռեսուրսը ընդդիմությանը հետևելու ու հալածելու համար։ Քննադատներին լռեցնելու նպատակով վերակենդանացվում են խորհրդային դարաշրջանի քրեական օրենսգրքի այնպիսի անորոշ հոդվածներ, ինչպիսին է «խուլիգանությունը»։ Պետական ծառայողները, ուսուցիչները և նույնիսկ ուսանողները մոբիլիզացվում են կառավարող կուսակցությանը աջակցություն ցուցադրելու համար։

Հոդվածում նշվում է, որ այս ընտրությունների կարևոր աշխարհաքաղաքական ֆոնն են ծառայում այն ողբերգական իրադարձությունները, երբ Ադրբեջանը «կայծակնային ռազմական գործողության արդյունքում վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», ինչը հանգեցրեց ավելի քան 120 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանմանը։ Իր կառավարման օրոք կորցնելով այդ տարածաշրջանը՝ Փաշինյանը ձգտում է հնարավորինս շուտ փակել այս թեման։ Հենց այդ պատճառով է նա հարձակումներ գործել ազգային եկեղեցու վրա, որն ակտիվորեն հանդես է գալիս տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ և պահանջում Բաքվից ազատ արձակել հայ գերիներին։ Փաշինյանի դիրքորոշումը, որը քողարկվում է խաղաղության մասին լոզունգներով, մեծապես թելադրված է Հայաստանի ռազմական թուլությամբ, սակայն հենց այդ դիրքորոշումն է նրա դեմ համախմբել լայն ընդդիմությանը։

Foreign Policy-ն մատնանշում է Եվրոպական միության ցինիկ կեցվածքը։ Հունգարիայի պարագայում Բրյուսելը միլիարդավոր սուբսիդիաների հատկացումը խստորեն պայմանավորում էր օրենքի գերակայության պահպանմամբ։ Սակայն ՀՀ վարչապետը գտել է եվրոպական ցանկացած առարկություն չեզոքացնելու միջոցը. նա հմտորեն օգտագործում է ռուսական ազդեցության դեմ պայքարի հռետորաբանությունը, և եվրոպական առաջնորդները հոժարությամբ ընդունում են խաղի այդ կանոնները։ Եթե Ուկրաինայում եվրոպական մայրաքաղաքները պաշտպանում են ժողովրդավարությունը, ապա Հայաստանում նրանց հետաքրքրում է բացառապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական դուրսմղումը։

Նյութում հատուկ ուշադրություն է դարձվում Փաշինյանին ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցուցաբերվող բացահայտ աջակցությանը։ Մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը և վիճահարույց խաղաղության համաձայնագրի առաջմղումը, որը նախատեսում է Ադրբեջանին առևտրային միջանցքի տրամադրում հայկական տարածքով (այսպես կոչված՝ «Թրամփի երթուղի»), հայկական հասարակության կողմից ընկալվում են որպես Բաքվից սպասվող ռազմական արկածախնդրության խրախուսում։ Իր հերթին, ընտրություններից կարճ ժամանակ առաջ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը և Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որը Փաշինյանին անվանել էր «շատ տպավորիչ», ընդդիմությունում դիտարկում են որպես ԵՄ-ի կողմից գործող ռեժիմին տրվող ուղղակի ընտրական հավանություն։ Բրյուսելը նույնիսկ առաքելություն է ուղարկում՝ Ռուսաստանի կողմից եկող «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար, սակայն լիովին անտեսում է ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգները։

Ի վերջո, վերլուծաբանները փաստում են, որ եվրոպական կառավարությունները կարճատես սխալ են թույլ տալիս՝ արևմտամետ հռետորաբանությունը հավասարեցնելով ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությանը։ Աչք փակելով Փաշինյանի ավտորիտար մեթոդների վրա՝ հանուն պահի աշխարհաքաղաքական հաշվարկների, Արևմուտքը ռիսկի է դիմում Հայաստանում ստանալ հերթական «ընտրված ավտոկրատին» և վերջնականապես վարկաբեկել այն արժեքները, որոնք ինքը հռչակում է միջազգային ասպարեզում։

Source: https://news.am/hy/news/1037000