Շաբաթ օրն Արևմտյան Ասվտրալիայում տեղի ունեցած սպիտակ շնաձկան հարձակման հետևանքով 30-ն անց մի տղամարդ է սպանվել, հայտնում է «AFP» լրատվական գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝ 38-ամյա տղամարդը գիշատչի կողմից հարձակման է ենթարկվել տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում (Գրինվիչի ժամանակով՝ 02:00-ին)՝ Փերթ քաղաքից ոչ հեռու գտնվող Ռոթնեստ կղզու մոտակայքում:

«Ցավոք, տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտնել են Արևմտյան Ավստրալիայի ոստիկանությունից:

Նահանգի հումքային արդյունաբերության և տարածքային զարգացման դեպարտամենտը «AFP» գործակալությանը հայտնել է, որ տղամարդուն կծել է չորս մետր երկարությամբ սպիտակ շնաձուկը։ Կառույցը հանրությանը կոչ է արել «առավելագույն զգուշավորություն» ցուցաբերել զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ այս տարածքի ջրերում։

Սա շնաձկան հարձակման հետևանքով մահվան առաջին դեպքն է Արևմտյան Ավստրալիայում անցյալ տարվա մարտից ի վեր։ Այդ ժամանակ սերֆեր էր հոշոտվել հեռավոր լողափերից մեկում։ Մարդկանց վրա գիշատիչների հարձակումների վերաբերյալ տվյալների բազայի համաձայն՝ 1791 թվականից ի վեր Ավստրալիայում շնաձկների մասնակցությամբ շուրջ 1300 միջադեպ է գրանցվել, որոնցից ավելի քան 260-ը հանգեցրել են մահվան։

Source: https://news.am/hy/news/1035868