ԱՄՆ-ը դիտարկում է Իսրայելին դիմելու հնարավորությունը՝ խնդրելով Պաղեստինյան ինքնավարությունից պահվող հարկային միջոցների մի մասը փոխանցել Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդին՝ Գազայի համար ԱՄՆ նախագահի հետպատերազմյան ծրագիրը ֆինանսավորելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով խնդրին ծանոթ հինգ աղբյուրների։
Թրամփի վարչակազմը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իսրայելին պաշտոնական հարցում ուղարկելու վերաբերյալ. հայտնել են երեք աղբյուրներ՝ ԱՄՆ-Իսրայել բանակցություններին իրազեկ պաշտոնյաները։ Քննարկումների ընթացքին ծանոթ երկու այլ՝ պաղեստինյան աղբյուրներ էլ հայտնել են, որ, ըստ առաջարկի, հարկային եկամուտների մի մասը կուղղվի Գազայի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող անցումային կառավարությանը, իսկ մնացած միջոցները՝ Պաղեստինյան ինքնավարությանը (եթե վերջինս բարեփոխումներ իրականացնի)։
Պաղեստինը պահվող հարկերի գումարը գնահատում է 5 միլիարդ դոլար։
Պաղեստինցի պաշտոնյան Times of Israel թերթին հաստատել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է պահվող միջոցների զգալի մասը փոխանցել Խաղաղության խորհրդին՝ պայմանով, որ դրան համարժեք մյուս մասը կփոխանցվի Պաղեստինյան ինքնավարությանը։ Նախկինում Ռամալլահը մերժում էր իր միջոցների համատեղ օգտագործումը՝ նույնիսկ այնպիսի նպատակներով, որոնք կարող էին օգտակար լինել Գազայի քաղաքացիական բնակչությանը՝ այդ քայլը դիտարկելով որպես իր ինքնիշխանության խախտում։
Այնուամենայնիվ, Պաղեստինը վերանայում է իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով Իսրայելի կողմից պահվող գումարների գոնե մի մասին հասանելիություն ստանալու իր ծայրահեղ անհրաժեշտությունը. ասել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ Երուսաղեմը խախտում է Օսլոյի համաձայնագրերը՝ պահելով այդ միջոցները։
Դեռևս հստակ չէ՝ արդյոք ԱՄՆ-ն ու Իսրայելը ի վերջո կփորձեն ստանալ Պաղեստինի համաձայնությունը՝ հարկային եկամուտները Խաղաղության խորհրդին փոխանցելու համար։
Այն հեռանկարը, որ պաղեստինցիների սեփական հարկային միջոցները կուղղվեն Գազայի վերականգնման վերաբերյալ Թրամփի ծրագրի իրականացմանը, որի հետ իրենց կառավարությունը որևէ առնչություն չի ունեցել, կարող է է՛լ ավելի մարգինալացնել Արևմուտքի կողմից աջակցություն ստացող Պաղեստինյան ինքնավարությանը։ Եվ սա այն դեպքում, երբ Իսրայելի կողմից միջոցների պահումն արդեն իսկ ֆինանսական ճգնաժամի է հանգեցրել Հորդանան գետի արևմտյան ափին։
Իսրայելն առաջարկել է իր մոտ գտնվող մի քանի միլիարդ դոլարի մի մասն օգտագործել Գազայում շինարարական նախագծերի համար փլատակների մաքրման աշխատանքները վճարելու, ինչպես նաև պատերազմի ժամանակ Գազայի հակասական հումանիտար հիմնադրամի գործունեության ծախսերը հոգալու համար, հունվարին Times of Israel թերթին հայտնել է Պաղեստինի ներկայացուցիչը։
Խաղաղության խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք դիմել են բոլոր կողմերին՝ խնդրելով ռեսուրսներ տրամադրել վերականգնման վերաբերյալ Թրամփի ծրագրին աջակցելու համար, որի արժեքը գնահատվում է 70 միլիարդ դոլար։
«Դա ներառում է Պաղեստինյան ինքնավարությունը և Իսրայելը։ Կասկածից վեր է, որ բանկում պահվող գումարները որևէ կերպ չեն նպաստում նախագահի՝ 20 կետից բաղկացած ծրագրի իրականացմանը»,- ասել է պաշտոնյան։
Source: https://news.am/hy/news/1035918
Football
ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին խնդրել Պաղեստինի համար նախատեսված միջոցները փոխանցել Խաղաղության խորհրդին․ ԶԼՄ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։