Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածների հրամանատարությունը Կալիֆոռնիա նահանգի ԱՄՆ Տիեզերական ուժերի «Վանդենբերգ» ռազմաբազայից իրականացրել է «Minuteman III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄՄԲՀ) փորձնական արձակում: Արձակման ժամանակ մարտագլխիկ չի կիրառվել։ Այս մասին հայտնել է «Վանդենբերգ» բազայի մամուլի ծառայությունը։

«Այս պլանային արձակումը, որն ստացել էր GT 256 նշագրումը, ծրագրվել էր դեռ մի քանի տարի առաջ և պայմանավորված չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով։ Այն իրենից ներկայացնում է համալիր օպերատիվ փորձարկում, որը նախատեսված է խիստ վերահսկվող փորձարարական միջավայրում ինչպես բուն սպառազինության համակարգը, այնպես էլ այն սպասարկող անձնակազմը գնահատելու համար»,- նշել են ռազմաբազայի մամուլի ծառայությունից։

Ինչպես հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածի հրամանատարության ղեկավար գեներալ Սթիվեն Դևիսը, «արձակումը թույլ է տվել ստուգել ՄՄԲՀ ուժերի սարքինությունն ու մարտական պատրաստվածությունը»։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է «Minuteman III»-ի փոխարեն սպառազինության մեջ ներդնել ցամաքային բազավորման նոր՝ «Sentinel» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Այս փուլը պետք է դառնա ազգային միջուկային ուժերի արդիականացման կենտրոնական տարրերից մեկը։ Պենտագոնի գնահատականներով՝ հրթիռն, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի 2031 թվականին։ Միևնույն ժամանակ, ամերիկացի բազմաթիվ ոչ կառավարական փորձագետներ կարծիք են հայտնում, որ ներկա փուլում ԱՄՆ-ն կարող է լիովին հաջողությամբ ապահովել ռազմավարական միջուկային զսպումը նույնիսկ հորանային բազավորման միջմայրցամաքային հրթիռներից հրաժարվելու դեպքում՝ հաշվի առնելով ատոմային ստորջրյա հրթիռակիրների և ծանր ռմբակոծիչների առկայությունը։ Հենց այս բաղադրիչներն էլ կազմում են միջուկային տրիադան։

Source: https://news.am/hy/news/1036880