ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավաքում է ազգային անվտանգության իր թիմին Սպիտակ տան Իրավիճակային սենյակում՝ ամերիկացի և իրանցի բանակցողների ձեռք բերած համաձայնագրի նախագծի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար, գրում է Axios-ը:
Խոսքը փոխըմբռնման հուշագրի մասին է, որն, ամերիկյան աղբյուրների տվյալներով, նախատեսում է կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգում 60 օրով, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացում նավագնացության համար։ Փաստաթղթի ստորագրումը կարող է դառնալ ամենամեծ դիվանագիտական բեկումը հակամարտության սկզբից ի վեր, թեև Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերի վերջնական կարգավորումը հետագա բանակցություններ կպահանջի։
Աղբյուրների տեղեկություններով՝ հուշագրի տեքստի հիմնական մասը համաձայնեցված է եղել դեռևս անցյալ երեքշաբթի, սակայն Թրամփը լրացուցիչ ժամանակ է խնդրել որոշում ընդունելու համար։
Truth Social սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է երաշխավորի հրաժարումը միջուկային զենքի ստեղծումից։ Նա նաև պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը՝ առանց որևէ վճարների ու սահմանափակումների, երկու ուղղություններով էլ ազատ նավագնացության համար։
Բացի դրանից, Թրամփը հայտնել է, որ Իրանը պետք է ավարտի նեղուցում ծովային ականների ոչնչացումը կամ ականազերծումը։ Նա հավելել է, որ ամերիկյան «ծովային շրջափակումը», որի պատճառով նավերի մի մասը հայտնվել էր նեղուցում արգելափակված վիճակում, կվերացվի։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են աղբյուրները, բուն հուշագիրը դեռևս պարունակում է միայն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու Իրանի համաձայնությունը և իրանական կողմից կոնկրետ զիջումներ չի նախատեսում։
Թրամփը հայտարարել է նաև, որ ստորգետնյա օբյեկտներում պահվող Իրանի հարստացված ուրանը կհանվի և կոչնչացվի Միացյալ Նահանգների կողմից՝ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համակարգմամբ։ Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ այդ հարցում Իրանից բանավոր պարտավորություններ են ստացել, սակայն ընդգծում են, որ վերջնական նշանակություն կունենան միայն պաշտոնական պայմանավորվածությունները լիարժեք բանակցությունների ընթացքում։
ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ «առայժմ ոչ մի գումար չի վճարվելու»՝ նկատի ունենալով սառեցված իրանական ակտիվները։
Միևնույն ժամանակ, իրանական Fars գործակալությունը հերքել է Թրամփի հայտարարությունների մի մասը։ Գործակալության տվյալներով՝ հուշագիրն իսկապես գտնվում է Իրանում քննարկման եզրափակիչ փուլում, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունվել։
Fars-ի աղբյուրները Թրամփին մեղադրել են «հաղթանակի արհեստական պատկեր» ստեղծելու փորձի մեջ և հայտարարել, որ ԱՄՆ նախագահը խեղաթյուրում է փաստաթղթի բովանդակությունը։ Նրանք շեշտել են, որ ամերիկյան շրջափակման վերացումից հետո Իրանը Հորմուզի նեղուցը կբացի բացառապես ըստ սեփական պայմանների, որոնք կարող են ներառել նավերի զննում, շարժման վերահսկողություն և անվտանգության միջոցառումներ։
Գործակալությունը պնդում է նաև, որ համաձայնագրի նախագիծը նախատեսում է սառեցված ակտիվներից 12 միլիարդ դոլարի անհապաղ փոխանցում Իրանին, և մինչև այդ միջոցների ստացումը հետագա բանակցություններ չեն վարվելու։ Ամերիկյան կողմը, սակայն, հայտարարում է, որ սառեցված միջոցների հասանելիությունը հնարավոր է միայն լիարժեք միջուկային համաձայնագրի կնքումից հետո։
Բացի դրանից, Fars-ի վարկածով, հուշագիրը ներառում է Լիբանանում կրակի դադարեցում՝ «Հըզբոլլահ» շարժման դիրքորոշմանը համապատասխան։ Ամերիկացի պաշտոնյաները հաստատում են, որ համաձայնագիրն իսկապես նախատեսում է զինադադար Լիբանանում։
Source: https://news.am/hy/news/1039488
World
ԱՄՆ-ն ու Իրանը մոտեցել են պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ դիվանագիտական բեկմանը. Axios
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։