Մինչև վերջերս Հարավային Կովկասը գտնվում էր Մոսկվայի ազդեցության գոտում։ 2025 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովը, որն առաջին անգամ Վաշինգտոնին դրեց Հարավային Կովկասի իրադարձությունների կենտրոնում, վերջնական հարված հասցրեց Ռուսաստանի՝ առանց այդ էլ թուլացող դիրքերին և հիմքեր ստեղծեց ամերիկյան ազդեցության համար։ Սա Վաշինգտոնի խնդիրն է։ Հայաստանում տիրող իրավիճակը նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի կարևոր, թեև թերագնահատված ձեռքբերման առաջին սթրես-թեստն է, գրում է «The National Interest»-ը։

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը օպերատիվ վերահսկողություն է տվել ԱՄՆ-ին՝ երկու երկրները միացնող «Թրամփի ուղի» (TRIPP) միջանցքի նկատմամբ, ինչը օգուտ կբերի երկու կողմերին և զգալիորեն կամրապնդի Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դիրքերը։

«Միջին միջանցքը» Եվրոպան Կենտրոնական Ասիային կապող առևտրային երթուղի է, այն խոշոր առևտրային զարկերակ է, որը միաժամանակ շրջանցում է Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Սա կարևոր է, քանի որ Կենտրոնական Ասիան տիրապետում է հազվագյուտ հողային մետաղների՝ աշխարհում խոշորագույն չօգտագործված պաշարներից մի քանիսին։ Ներկայումս ԱՄՆ-ն հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների հարցում շուրջ 70%-ով կախված է Չինաստանից. մի կախվածություն, որը Պեկինն արդեն իսկ որպես գործիք է օգտագործել առևտրային վեճերում։

Երևանը կորցնելու դեպքում TRIPP-ը կփակվի։ Հայաստանի համար Ռուսաստանի դեմ մղվող պայքարում Միացյալ Նահանգները շատ լուրջ առավելություն ունեն. դա հայ ժողովուրդն է։ Հայերը չեն ներել Ռուսաստանին այն բանի համար, որ նա մի կողմ քաշվեց, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Այս շրջադարձն անվերադարձ դարձնելու համար Վաշինգտոնն ունի բոլոր անհրաժեշտ լծակները։ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ի շուրջ ձևավորել ռազմավարական տարանցիկ գործընկերություն, ինչպես նաև թև ու թիկունք դառնալ Հայաստանում թափ առնող արհեստական բանականության և տեխնոլոգիական ոլորտին։ Ցանկացած հեռանկարային ներդրում կամ գործակցություն այստեղ երկակի դեր է խաղալու. հայերի համար այն կապահովի տնտեսական օգուտներ, իսկ Մոսկվայի համար՝ աշխարհաքաղաքական մեկուսացման խորացում։

Ստեղծված իրավիճակում Վաշինգտոնը դեռ ժամանակ ունի խաղաղության համաձայնագրի արդյունքներն ամրապնդելու և Հարավային Կովկասը արևմտյան ազդեցության գոտում պահելու համար։

Source: https://news.am/hy/news/1036847