Իրանը հայտարարում է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում իր միակ նպատակը բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումն է՝ միևնույն ժամանակ մերժելով միջուկային ծրագրի մանրամասների շուրջ որևէ քննարկում։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ ներկայիս դիվանագիտական ջանքերը միտված են բացառապես պատերազմի դադարեցմանը, այդ թվում՝ Լիբանանում, ինչպես նաև ԱՄՆ-ի ծովային շրջափակման խնդրի և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի կարգավորմանը, հաղորդում է Mehr գործակալությունը։
«Մենք դա արդեն երկու անգամ արել ենք, և մյուս կողմի չափազանցված պահանջները մեզ հասցրել են պատերազմի։ Մենք չենք կարող անտեսել այս փորձը։ Նախ՝ մենք պետք է վերջ տանք պատերազմին այնպիսի պայմաններով, որոնք համապատասխանում են մեր շահերին և մտահոգություններին։ Միայն դրանից հետո մենք կկարողանանք խոսել այլ հարցերի մասին», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Նա հաստատել է, որ Կատարից ժամանած պատվիրակությունը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, սակայն ընդգծել է, որ բանակցությունների պաշտոնական միջնորդը դեռևս Պակիստանն է։
Բաղային հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումն իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ է. Թեհրան ԱԷՄԳ-ի անդամ է և ունի խաղաղ միջուկային էներգիայի իրավունք։ Միջուկային բանակցությունների նախորդ փուլերը տապալվել են մյուս կողմի անհիմն պահանջների պատճառով, ինչը վերջնական արդյունքում հանգեցրել է բանակցությունների խափանման և Իրանի դեմ կատարված «հանցագործությունների և ագրեսիայի», ասել է նա։
Բաղային ներկայիս պահը շրջադարձային է անվանել՝ նշելով, որ պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Թեհրան։ Սակայն Բաղային նախազգուշացրել է, որ պետք չէ արագ փոփոխություններ ակնկալել։
«Մենք չենք կարող ասել, որ համաձայնագիրը մոտ է։ Պարտադիր չէ, որ դա այդպես լինի։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունները խորն են և բազմաթիվ... Դիվանագիտությունը ժամանակ է պահանջում», - ասել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս գտնվող բազմաթիվ երկրներն աշխատում են պատերազմի ավարտին աջակցելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ։
«Մեր համար շատ կարևոր են այդ ջանքերը», - ասել է նա։
Source: https://news.am/hy/news/1037737
World
ԱՄՆ-ի հետ բանակցությունների ներկա փուլը միտված է բացառապես բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը․ Իրանի ԱԳՆ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։